ՀԱԷԿ-ի նոր բաց բաշխիչ սարքերի կառուցման համար ընտրված է եղել անփորձ ընկերություն, որը, բարեբախտաբար, այդ աշխատանքը չի կատարել

ՀԱԷԿ-ի նոր բաց բաշխիչ սարքերի կառուցման համար ընտրված է եղել անփորձ ընկերություն, որը, բարեբախտաբար, այդ աշխատանքը չի կատարել

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) առանձին հատկացված հրապարակում նախատեսված նոր 110/220 կՎ բաց բաշխիչ սարքերի (ԲԲՍ-ի) կառուցման ապամոնտաժային, շինմոնտաժային և գործարկման-կարգաբերման աշխատանքները չեն կատարվել: Բանն այն է, որ այդ աշխատանքների գնման մրցույթում, որը «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն նախաձեռնել էր 2021թ-ի օգոստոսին, ընտրվել է նման աշխատանքներում փորձ չունեցող ընկերություն՝ «Էփրան» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը չի ստորագրել աշխատանքների կատարման համար համապատասխան համաձայնագիրը: Արդյունքում վերջինիս հետ նախօրոք կնքված պայմանագիրը միակողմանի լուծվել է:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության 464-Ա որոշման հիմնավորումից, որը ՀՀ կառավարությունն ընդունեց սույն թվականի ապրիլի 7-ին: Ընդունված որոշմամբ ՀՀ կառավարությունը որոշել է նոր ԲԲՍ-ի կառուցման աշխատանքների կատարման գնման ընթացակարգում մասնակիցների համար որակավորման չափանիշներ կիրառել:

Իսկ թե ինչու մինչ այդ որակավորման չափանիշներ չեն կիրառվել, այդ կապակցությամբ որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգը չի սահմանում մասնակիցների որակավորման չափանիշներ: «Մասնակցի որակավորումը գնահատվում է միայն կանխիկ փողի, բանկային երաշխիքի կամ տուժանքի մասին համաձայնության ձևով ներկայացված ապահովումների տեսքով, մինչդեռ որակավորման ապահովան նման կառուցակարգը չի կարող ապահովել պատվիրատուի կարիքին համապատասխանող արդյունքի ստացումը, այն որոշ չափով կարող է միայն մեղմել պայմանագրի ձախողման հետևանքով Ընկերության կրած վնասները: Ասվածը հիմնավորվում է ՀՀ էներգահամակարգի այլ կազմակերպությունների կողմից առանց որակավորման չափանիշների սահմանման՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված մրցույթների արդյունքներով ունեցած ոչ բավարար պրակտիկայով և (կամ) հետևանքներով»,- նշված է հիմնավորման մեջ:

Փաստաթղթից պարզ է դառնում, որ նոր ԲԲՍ-ի կառուցման աշխատանքները «Էփրան» ՍՊԸ-ի կողմից իրականացնելու ռիսկերի վերաբերյալ գրությամբ հայտնել էր նաև ՀՀ ԱԱԾ-ն՝ տեղեկացնելով, որ ընտրված մասնակիցը չունի փորձ, ֆինանսական միջոցներ և համապատասխան աշխատանքային ներուժ: Մինչդեռ, ընտրություն կատարելիս, դա հաշվի չի առնվել: Կարևոր աշխատանքի համար ընտրվել է անփորձ ընկերություն, այն դեպքում երբ, ըստ փաստաթղթի 1974թ-ին կառուցված ԲԲՍ-ն մեկ անգամ չէ, որ պատճառ է հանդիսացել ՀԱԷԿ-ի վթարային կանգի համար:

Նոր ԲԲՍ-ի կառուցումը նախատեսված է եղել «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի» շրջանակներում: Ռուսական վարկը, որը տրամադրված էր այդ ծրագրի իրականացման համար, գործել է մինչև 2019թ-ի դեկտեմբերի 31-ը: 2020թ. հունիսի 11-ի №953-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը հրաժարվեց վարկի մնացած մասից և ՀՀ պետական բյուջեից 63 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ տրամադրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով:

Նոր ԲԲՍ-ի կառուցումը հետաձգված է: Այս կապակցությամբ հիմնավորման մեջ նշված է. «Փաստացի ստացվել է, որ 6 ամսից ավելի տևած գործընթացի արդյունքում չունենք կնքված պայմանագիր, իսկ աշխատանքների կատարումը հետաձգվել է որոշակի ժամկետով, հնարավոր է՝ բերելով նաև աշխատանքների և ծառայությունների արժեքների ավելացմանը, հաշվի առնելով գնաճը»:

Ապրիլ 11, 2022 at 09:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր