«Ռուսատոմ - միջազգային ցանցի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ սույն թվականի ապրիլի 12-ին Հայաստանում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ), տեղի ունեցավ ատոմային էներգետիկայի ոլորտի վետերանների միջազգային համաժողովը՝ նվիրված ատոմակայանների տեղակայման վայրերում բնակչության կողմից միջուկային էներգետիկայի վերաբերյալ հասարակական ընկալման բարձրացմանը։ Միջոցառումը կազմակերպել էին Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության (ԱԷԱՎՄՄ) և Ատոմային էներգետիկայի վետերանների հայկական միությունը: Միջոցառմանը մասնակցել են նաև վետերանական միությունների ներկայացուցիչներ Բելառուսից և Ղազախստանից։
Հրապարակման մեջ մասնավորապես ասված է. «ԱԷԱՎՄՄ գործադիր քարտուղար Վ.Տ. Լեբեդենկոն նշեց, որ այդ համաժողովի նպատակն է հանրությանը ներկայացնել ատոմակայանների առավելությունների մասին թե՛ բնակչության կենսամակարդակի բարելավման, թե՛ մարդկության առջև ծառացած բնապահպանական խնդիրների լուծման առումով»։
ՀՀ վետերանների միության նախագահ Ս.Գ. Ազատյանը, դիմելով համաժողովի մասնակիցներին, ասաց. «Խաղաղ ատոմի կարևորության հասկացությունն արտացոլված է «Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչև 2040թ.)», որտեղ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումն ու նոր էներգաբլոկի կառուցումը ներկայացված են որպես գերակա ծրագրեր»։
Իվանովոյի պետական էներգետիկական համալսարանի պրոֆեսոր, «Համակարգեր և տեխնոլոգիաներ» ԲԸ-ի գիտության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Վ.Ա. Սավելևը նշեց ժամանակակից հասարակության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում միջուկային էներգետիկայի դերի մասին։
Ղազախստանի ԱԷԱՎՄՄ-ի նախագահի առաջին տեղակալ Բ.Օ. Դույսեբաևը նշեց, որ միջուկային արդյունաբերության նոր տեխնոլոգիաները խթան են հանդիսանում ցածր ածխածնային էներգետիկայի և ապագայի անթափոն արդյունաբերության համար։
Բելառուսի ԱԷԱՎՄՄ-ի նախագահի առաջին տեղակալ Դ.Մ. Մաքսիմովիչը կիսվել է Բելառուսի Հանրապետությունում հասարակության ընկալման բարձրացման փորձով: Վիեննայի միջուկային գիտելիքների կառավարման ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Յանկո Յանևն անդրադարձավ միջուկային էներգետիկայի ապագայի հարցերին։
ԷկոԼուրի դիտարկում. Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և ՀԱԷԿ-ին ազդակիր մինչև 5-10 կմ հեռավորության գոտում գտնվող համայնքների բնակչությունը, ինչպես նաև շահագրգիռ հանրությունը այս համաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել:
Լուսանկարը՝ www.armeniannpp.am
Մայիս 20, 2022 at 15:00