2017թ-ին նախատեսվում է իրականացնել ՀԱԷԿ-ի ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ

2017թ-ին նախատեսվում է իրականացնել ՀԱԷԿ-ի ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ

ԷկոԼուր

2017թ-ին կշարունակվեն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի խոսքով, 2017թ. ընթացքում նախատեսվում են իրականացնել էներգաբլոկի սարքավորումների, համակարգերի և շինությունների արդիականացման նախագծային աշխատանքները, սարքավորումների մնացորդային պաշարի հաշվարկային հիմնավորումը, ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Արդյունքում կմշակվի երկրորդ էներգաբլոկի սարքավորումների և համակարգերի արդիականացման նախագիծը, ինչպես նաև կհիմնավորվի չփոխարինվող ու չվերականգնվող սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը: Ըստ Արտեմ Պետրոսյանի, էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, որոնք նախատեսված էին 2016թ., հաջողությամբ ավարտել են։ Կատարվել է ավելի քան 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների զննում, ինչի արդյունքում հաստատվել է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունը՝ սահմանված պայմաններով:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակներում իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում չեն հայտնաբերվել այնպիսի թերություններ, որոնք կխոչընդոտեն ռեակտորային տեղակայանքի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելուն:

Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Հիշեցնենք, որ 2026 թվականին պետք է շահագործումից դուրս բերվի ՀԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկը: Այս էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացավ 2016թ-ին: Սակայն պետությունը, հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը, որոշեց 10 տարով երկարաձգել ատոմային երկրորդ էներգաբլոկի շահագործումը: Այդ նպատակի համար Ռուսաստանը Հայաստանին տրամադրեց 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

 

17:58 Փետրվար 06, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news