2017թ-ին ՀԱԷԿ-ը կկանգնի նորոգման

2017թ-ին ՀԱԷԿ-ը կկանգնի նորոգման

ԷկոԼուր

«ՀԱԷԿ-ը պետք է նախապատրաստենք 2017 թվականի գարնանը նորոգման կանգնեցնելու համար, ինչը հնարավորություն կտա կայանի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականը»,-ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սույն թվականի փետրվարի 17-ին Հայկական ատոմային էլեկտրակայանում անցկացված խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է www.minenergy.am պաշտոնական կայքը:

«Ինչպես գիտեք Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև արդեն ստորագրվել են համապատասխան վարկային պայմանագրերը և մենք ունենք հստակ պարտավորություններ, որոնք պարտավոր ենք կատարել և նախապատրաստական աշխատանքները կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի 2017-ի գարնանը կայանը կանգնեցնել նորոգման՝ առանց որևէ խոչընդոտի: Այդ աշխատանքները հիմնականում կատարելու է  «Ռուսատոմ Սերվիս» ՓԲԸ-ն՝  ձեզ հետ միասին»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրվել է «ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որի համաձայն ռուսական կողմը կտրամադրի 270 միլիոն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկ ու 3 0 միլիոն ԱՄՆ դոլար դրամանաշնորհ: Այդ միջոցները կուղղվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը:

2014 թվականի մարտի 27-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել  երկու փուլով: ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագրերի ստորագրումից հետո, առաջիկայում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի և «Ռուսատոմ Սերվիս» ՓԲԸ-ի միջև կստորագրվի շրջանակային պայմանագիր՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները իրականացնելու նպատակով:

12:31 Փետրվար 19, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news