ՀԱԷԿ-ի անվտանգության հարցերը. քննարկում են մասնագետները

ՀԱԷԿ-ի անվտանգության հարցերը. քննարկում են մասնագետները

ԷկոԼուր

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի անվտանգության հարցերը քննարկվեցին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Իրենց գնահատականները ներկայացրեցին էներգետիկայի ոլորտի փորձագետներ Էմիլ Սահակյանը, Էդուարդ Արզումանյանը, Հայաստանի կանաչների միության նախագահ, քիմիկոս Հակոբ Սանասարյանը, իրավաբան Նազելի Վարդանյանը: 

Հանրության շրջանում հարցեր է առաջացնում ինչպես վերազինվող երկրորդ էներգաբլոկի, այդպես էլ արդեն 29 տարի կանգառի մեջ գտնվող առաջին էներգաբլոկի ճակատագիրը:

ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը` ռիսկի խոշոր աղբյուր

Այս էներգաբլոկը չի շահագործվում 1989 թ-ից: 2017 թ-ի հոկտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մասնագետների կարծիքով` շահագործումից հանվող էներգաբլոկը կարող է դառնալ բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնների առաջացման խոշոր աղբյուր:

«Այդ ռադիոակտիվ թափոնները` հեղուկ, պինդ, օգտագործված վառելիք, պետք է վերացվեն», - ասաց փորձագետ Էդուարդ Արզումանյանը:

Էմիլ Սահակյանը նշեց, որ էներգաբլոկի ապամոնտաժման համար հարկավոր է մեծ տարածք և շատ գումար. «Առաջին էներգաբլոկի բաղադրամասերը` ռեակտորի կորպուսը, շրջանառու խողովակները, գլխավոր շրջանառու պոմպերը, գեներատորները, պետք է ապամոնտաժվեն, թաղվեն գետնի տակ: Դրանք հսկայական չափսեր ունեն, մեծ տարածություն և մեծ ծախսեր են ուզում: Բոլոր գործընթացները կտևեն մոտ 50 տարի»:

Նշենք, որ 2018 թ-ի մայիսի 3-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանին և դրանից բխող միջոցառումների իրականացման մասին» որոշումը: Ըստ փաստաթղթերի` ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի այն տեղակայանքները, համակարգերը և սարքավորումները, որոնք պիտանի են հետագա շահագործման համար, կօգտագործվեն երկրորդ էներգաբլոկի շահագործման համար:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման ռիսկերը

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացել է 2016թ-ին, սակայն ՀՀ կառավարությունը որոշեց 10 տարով երկարաձգել էներգաբլոկի շահագործման ժամկետը` Ռուսաստանից ստանալով 270 միլիոն դոլլարի վարկ և 30 միլիոն դոլլարի դրամաշնորհ:

Փորձագետները պնդում են, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինումը չի լուծում ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության հարցը:   Փորձագետ Էմիլ Սահակյանն ընդգծեց մետաղների մաշվածության ռիսկը. «Վերանորոգված ատոմակայանի շահագործումը և նոր ատոմակայանի շահագործումը տարբեր են: Շահագործման ընթացքում, ճառագայթման ազդեցության տակ, մետաղը փոխում է իր կառուցվածքը և թուլանում: Բոլոր մետաղները ծայրից ծայր ստուգել հնարավոր չէ. ստուգում են ռեակտորը, շրջանառու օղակները, գեներատորը: Մենք խնդիր ունենք. ատոմակայանը, երբ հանձնվի շահագործման,  ի՞նչ երաշխիքներ կան, ո՞վ է պատասխանատու անվտանգության համար, քանի՞ տարի կաշխատի և ի՞նչ պայմաններում»:

Էմիլ Սահակյանի կարծիքով՝ 10 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը պետք է մտածի ՀԱԷԿ-ը փակելու մասին: «Հայաստանն ամենահաջող վայրը չէ ատոմակայանի համար, որը գերբարձր ռիսկի օբյեկտ է: Եթե ռիսկը կա, ուրեմն հավանականությունն էլ կա, իսկ եթե հավանականությունը կա, մի բան պատահեց, ազգովի, պետականորեն կորած ենք: Ատոմակայանը գտնվում է Արարատյան դաշտում, որտեղ մեր կերակրատաշտակն է: Շատ լուրջ հարց է նաև բնակիչների տարհանման հարցը, այնտեղ տեղի բնակչության խտությունը 300 մարդ/քառ կմ է: Սա գերբարձր խտություն է», - նշեց Էմիլ Սահակյանը:

«Անմտություն է Հայաստանի այդ գոտում նոր ատոմակայան կառուցելը, իսկ ռեակտորի կյանքը երկարաձգելն ավելի մեծ անմտություն է: Մեծանում է վթարի հավանականությունը», - ասաց քիմիկոս Հակոբ Սանասարյանը:

«Մենք Հայաստանի էներգետիկան զարգացնելու համար այլևս չպետք է մտածենք նոր ատոմային բլոկի մասին», - կարծիք հայտնեց Էդուարդ Արզումանյանը:

ՀԱԷԿ-ի արտանետումները` նորմայի սահմաններո՞ւմ

Պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ ՀԱԷԿ-ի արտանետումները նորմայի սահմաններում են և անգամ շատ ցածր առավելագույն թույլատրելի նորմայից: Էմիլ Սահակյանի խոսքով` իրական արտանետումների վերաբերյալ տեղեկատվություն չկա: «Ատոմակայանի տեղանքում տեղադրված կետը պետք է որոշակի պահանջների բավարարի: ՀԱԷԿ-ի օդերևութաբանական կետերը չեն համապատասխանում այն պահանջներին, որոնք պետք է լինեն ատոմակայանի կետերում: Եթե դուք չգիտեք արտանետումն ուր է գնում, ի՞նչ եք չափում», - ասաց Էմիլ Սահակյանը:

Հակոբ Սանասարյանը նշեց, որ ատոմակայանի և ներսում, և դրսում պետք է մշտական մոնիտորինգ անցկացվի:

ՀԱԷԿ-ից բաց թողնվող ջուրը` լրացուցիչ ռիսկ

«Հովացման շրջանառու համակարգն աշխատում է միևնույն ջրով, որը բավականին մեծ կորուստ ունի, որն էլ լրացվում է Սևջուր գետի ջրից: Այդ շրջանառու ջուրը ոչ մի տեղ չի գնում: Ատոմակայանն ունի հեղուկ արտանետումներ, տարբեր տեսակի սարքերի արտափչման ընթացքում որոշակի քանակությամբ ջրեր են առաջանում: Այդ ջրերն, ըստ իրենց տվյալների, լուծվում են մաքուր ջրի հետ, որպեսզի կոնցենտրացիան իջնի, և երբ իջնում է թույլատրելի մակարդակի, բաց է թողնվում Սևջուր գետ և կարող է գնալ նաև ոռոգման համար: Ես՝ ինքս, չեմ տեսել, որ վերահսկողություն լինի: Սա կարելի է դիտարկել որպես ռիսկ: Պետք է չափեն` ենթակա՞ է այդ ջուրը բացթողման, թե` ոչ», - ասաց Էմիլ Սահակյանը:

Էդվարդ Արզումանյանը հավելեց, որ ատոմակայանն իր արտանետվող ջրերի վրա պետք է ունենա ջրի որակը ստուգող անալիզատոր:

Ազդակիր համայնքների բնակիչները` ռիսկի գոտում

ՀԱԷԿ-ին ազդակիր բնակիչները բազմիցս բարձրաձայնել են, որ ցանկանում են իրազեկված լինել ՀԱԷԿ-ի բոլոր ռիսկերի մասին և մասնակցել որոշումների կայացմանը: Նրանք պահանջում են ապահովել իրենց անվտանգությունը հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում և ապահովել ապաստարաններով:

«Մարդկանց, ովքեր ատոմակայանի կողքին են ապրում, պետք է ապահովագրել, անվճար հոսանք տալ: Նրանք պետք է տեղեկացված լինեն ռիսկերի մասին, իմանան` ինչպես պաշտպանվել: Օդի, ջրի մոնիտորինգ պետքէ  արվի, և 10 կմ չէ, այլ ավելի մեծ շառավղով:  Ես գիտեմ, որ այդտեղից կոյուղաջրերը գնում, լցվում են Արարատյան դաշտերը: ԱԻՆ-ին հստակ պետք է ցուցում տրվի, որ ունենան տեխնիկական միջոցներ, ամեն քայլը մշակած լինի և յուրաքանչյուրի հետ աշխատանք տարվի: Եթե մենք գիտենք,որ ռիսկը կա, ուրեմն պետք է բոլոր կանխարգելիչ միջոցներն այսօր նախատեսենք, տեխնիկական բոլոր միջոցներն այսօր ձեռք բերենք», - ասաց Նազելի Վարդանյանը:

13:18 Հուլիս 24, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news