ԱԷԿ-Ը ԿՓՈԽԱՐԻՆՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱՅԼ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԱԷԿ-Ը ԿՓՈԽԱՐԻՆՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱՅԼ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Արմենուհի Մելքոնյան, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Դա բխում է ազգային անվտանգության շահերից


Թե՛ քաղաքական գործիչները եւ թե՛ տնտեսական ոլորտի մասնագետները միանշանակ փաստում են, որ միջուկային էներգետիկայի զարգացումը զուտ տնտեսական խնդիր չէ. քաղաքականությամբ է որոշվում՝ տվյալ երկրին թույլ տալ ունենալ ատոմակայան, թե ոչ։ Ինչո՞ւ ոչ, նաեւ հակառակն է լինում. տվյալ երկիրն ատոմակայան ունենալով կկարողանա՞ քաղաքականություն թելադրել։ ՀՀ իշխանությունները բազմիցս են միջազգային կազմակերպություններին տեղեկացրել, որ անպայման զարգացնելու են միջուկային էներգետիկան, քանզի եւ՛ դրա մասնագիտական հզոր դպրոցն ունեն, եւ՛ այդ ճյուղը մեր երկրի տնտեսության զարգացման հեռանկարներից է։

Այսպիսով, Հայաստանը պետք է ապահովի հայկական ատոմակայանի անվտանգ շահագործումը մինչեւ 2016թ. կամ՝ մինչեւ այն պահը, երբ հնարավոր կլինի փոխարինել նոր միջուկային հզորությամբ եւ նոր միայն շահագործումից հանել։ Փոխարինումը անպայման պետք է լինի միջուկային հզորությամբ, այլ՝ ոչ թե համարժեք այլ հզորություններով։ Սա ամրագրված է նաեւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված էներգետիկայի նախարարության գործունեության ծրագրում։ Ընդ որում, ՀՀ—ն չի շեղվում միջազգային նորմերից։ Ավելին՝ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարության հիմնական խնդիրն է՝ հիմնվելով միջազգային հանրության կողմից որդեգրած հասարակության եւ, մասնավորապես, էներգետիկայի կայուն զարգացման սկզբունքների վրա, ղեկավարվելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով՝ ձեւակերպել Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական նպատակները եւ որոշել դրանց հասնելու ծրագրային հիմնարար ուղղությունները։

Մասնագետների տեղեկացմամբ, դրանք հիմնականում հետեւյալն են. ա) ցածր գներով հուսալի էներգամատակարարում ապահովել՝ բոլոր սպառողների արմատական կարիքները բավարարելու համար, միեւնույն ժամանակ խթանելով երկրում էներգախնայողությունը։

բ) Խուսափել էներգիայի ներկրման այնպիսի եղանակներից, որոնց պարագայում ՀՀ անվտանգությունն ու տնտեսությունը կարող են ենթարկվել ՀՀ իրավասությունից դուրս գտնվող իրադարձությունների ու քաղաքականության անհարկի ազդեցությանը, երկրի էներգետիկ հաշվեկշռում առավելագույնս օգտագործել սեփական վերականգնվող էներգապաշարները եւ միջուկային էներգիան։

գ) Երբ գործող Հայկական ԱԷԿ—ը կփոխարինվի նորով ու գա գործողը շահագործումից հանելու պահը, այն շահագործումից հանել առանց անընդունելի տնտեսական, սոցիալական, բնապահպանական եւ էներգետիկ անվտանգության բնույթի ազդեցությունների։

դ) Պետք է ապահովել բնապահպանորեն կենսունակ էներգամատակարարում՝ հիմնված կայուն զարգացման սկզբունքների վրա եւ ՀՀ միջազգային բնապահպանական պարտավորություններին համահունչ։

Էներգահամակարգի զարգացման հիմնական ուղղություններից է նաեւ արտահանման կողմնորոշում ունեցող եւ ավելացված արժեք ստեղծող էլեկտրաէներգետիկական համակարգ կառուցելը։

Հիմա անընդհատ խոսում ենք էներգետիկ անվտանգությունից ու անկախությունից։ Ի՞նչ է սա ենթադրում ոչ մասնագիտորեն ասված, ավելի պարզ։ Էներգետիկ անվտանգությունը դիտարկվում է որպես երկրի, դրա քաղաքացիների, հասարակության եւ տնտեսության բոլոր պահանջների բավարարման համար անհրաժեշտ վառելիքաէներգետիկ պաշարների հնարավոր ցածր գներով կայուն եւ հուսալի մատակարարման երաշխիք՝ բնականոն զարգացման, ինչպես նաեւ արտակարգ պայմաններում արտադրության այնպիսի եղանակներով, որոնք շրջակա միջավայրի վրա ունեն նվազագույն ազդեցություն։ Ըստ այդմ, մեր երկրում կապահովվի այդ անվտանգությունը այն ժամանակ, երբ որեւէ մատակարարից կախումը նվազեցվի։ Իսկ դա էլ իր հերթին հնարավոր է այն ժամանակ, երբ Հայաստանը տարատեսականացնի էներգիայի աղբյուրները, վառելիք պահեստավորի եւ արտակարգ իրավիճակների պատրաստվածություն ունենա։ Էներգիայի աղբյուրների տարատեսականացումը (դիվերսիֆիկացիա) շատ կարեւոր է, եթե նկատի ունենանք ՀԱԷԿ—ի՝ շահագործումից դուրս բերելու պարագան։ Մասնագետները բացատրում են, որ դա նաեւ մեր երկրին հնարավորություն կտա սակարկելու առաքումների առավել նպաստավոր գներ։ Ըստ այդմ էլ հնարավորինս կկանխի կտրուկ գնաճը։ Հայաստանի համար այսօր մատակարարման ուղիների բազմազանեցման միակ իրատեսական ճանապարհը Իրան—Հայաստան գազատարն է եւ էլեկտրաէներգետիկ համակարգի զուգահեռ աշխատանքի վերականգնումը տարածաշրջանի այլ էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ։

Այսպիսով, Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ անկախության անհրաժեշտ մակարդակ ապահովելու խնդրում կարեւորվում է նաեւ ատոմային էներգետիկան։ Նկատի ունենանք, որ նոր էներգաբլոկ կառուցելու պարագայում նաեւ սոցիալական խնդիր կլուծվի, քանզի հազարավոր աշխատատեղեր են հաշվվում միայն շինարարության ժամանակ։

Այնուամենայնիվ, խնդիր կա։ Եվրոպական համայնքի նկատմամբ ՀՀ կառավարությունը ՀԱԷԿ—ը շահագործումից դուրս բերելու վերաբերյալ պարտավորություն է ստանձնել։ ՀԱԷԿ—ի շահագործումից դուրս բերումն անհրաժեշտաբար կառաջացնի համապատասխան հզորությունների պահանջ։ Մինչեւ ատոմակայանի փակումը ՀՀ կառավարությունն աջակցելու է կայանի անվտանգության բարձրացմանն ուղղված լայնածավալ ծրագրին։ Այսուհանդերձ, կայանի փակումը մոտ ապագայում իրատեսական չէ՝ հաշվի առնելով ծախսերը եւ էներգամատակարարման տարատեսակ աղբյուրների բացակայությունը։ Ներկայիս նվազագույն ծախսերով էներգամատակարարման ծրագրային հետազոտություններն ապացուցում են, որ ՀԱԷԿ—ի շահագործումից դուրսբերումը զգալիորեն կբարձրացնի սպառման սակագները, ինչպես նաեւ երկրի հետագա կախվածությունը ներկրվող գազից։ Մինչեւ 2016թ. ներառյալ ՀԱԷԿ—ի շահագործման համար պահանջվում է նվազեցնել նման որոշման հետ կապված բոլոր հնարավոր վտանգները։ Կայանն ունի բնապահպանության հետ կապված պարտավորություններ, սակայն ՀԱԷԿ—ը չի համարվում օդի աղտոտման աղբյուր։ ՀԱԷԿ—ի անվտանգության մակարդակի բարձրացման համար մինչ օրս ներդրվել է ավելի քան 80 մլն ԱՄՆ դոլար։ Անվտանգության բարձրացման հետ կապված գործերն ավարտելու համար անհրաժեշտ են նոր գումարներ (շուրջ 40 միլիոն ԱՄՆ դոլար): Եթե ՀԱԷԿ—ը շահագործումից դուրս բերվի առանց նոր ատոմային էներգաբլոկ ունենալու, ապա մենք կկորցնենք մեր էներգամատակարարման անվտանգության ներկայիս մակարդակը։ Իսկ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման օգտին են խոսում նաեւ միջուկային վառելիքի եւ բնական գազի գների աճի միտումների կանխատեսումները մինչեւ 2050 թվականը։ Բնական գազի գնի անկասելի աճի պարագայում, որը պայմանավորված կլինի բնական գազի պաշարների նվազմամբ եւ արդյունաբերող երկրների թվի կրճատմամբ, միջուկային վառելիքի գինը կարող է համեմատաբար կայուն դիտարկվել։ Բնական գազի գներին ազդում են հում նավթի համաշխարհային գները, որոնք զգալիորեն ավելացել են 2003թ. սկսած։ Տարածաշրջանային շուկայի պայմանները եւ ՌԴ արեւմտյան սահմանին բնական գազի գները նույնպես աճի միտում ունեն։ Բնական գազի գինը հիմնական որոշող գործոնն է Հայաստանի էլեկտրաէներգիայի արժեքի կանխատեսման գործում։ Ի դեպ, ժամանակին ՀՀ էներգետիկայի նախարարության պատվերով եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տեխնիկական աջակցությամբ մշակված «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման 2006թ.—ի ծրագիրը» քննարկում է բնական գազի գների աճի չափավոր (տարեկան միջին գնի աճ մոտ 4.88 տոկոս սահմանին) եւ բարձր (տարեկան միջին գնի աճ մոտ 5.63 տոկոս սահմանին) սցենարներ Հայաստանի համար՝ հիմնվելով հենց ՌԴ արեւմտյան սահմանին նախատեսված գների վրա։ Ըստ դրա, թեեւ Իրան—Հայաստան գազամուղը կարող է մրցունակություն ապահովել Հայաստան մատակարարվող գազի համար, սակայն անհավանական է, որ Իրանից ստացվող գազի գինը էականորեն ցածր լինի ՌԴ—ից ստացվող գազի գնից։

Միեւնույն ժամանակ, սակայն, կանխատեսվում է, որ մոտակա 20 տարվա ընթացքում միջուկային վառելիքի գինը տարեկան 3 տոկոսով կավելանա։ Այս պարագայում էլ նույնպես ձեռնտու է նոր ԱԷԿ ունենալը։ Պատճառների մասին՝ հաջորդիվ:

ԱԷԿ-Ը ԿՓՈԽԱՐԻՆՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱՅԼ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ–2
Արմենուհի Մելքոնյան, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Դա ձեռնտու կլինի նաեւ ֆինանսական տեսակետից

Անդրադառնալով գործող ՀԱԷԿ—ի փակմանն ու զուգահեռ նորի կառուցման խնդրին՝ «ՀՀ»—ն նշել էր, որ եթե ՀԱԷԿ—ը շահագործումից դուրս բերվի առանց նոր ատոմային էներգաբլոկ ունենալու, ապա մենք կկորցնենք մեր էներգամատակարարման անվտանգության ներկայիս մակարդակը։ Նոր ատոմային էներգաբլոկ ունենալու օգտին է խոսում այն փաստը, որ չնայած միջուկային վառելիքի գինը մոտակա 20 տարվա ընթացքում տարեկան 3 տոկոսով ավելանալու է (հաշվարկների համաձայն), բայց, այնուամենայնիվ, նոր ԱԷԿ ունենալն ավելի ձեռնտու կլինի մի քանի գործոններով պայմանավորված:

Խոսքը նախեւառաջ վերաբերում է այն բանին, որ աշխարհում բնական գազի գնի անկասելի աճ է սպասվում։ Դա պայմանավորված է նախ՝ բնական գազի պաշարների նվազմամբ եւ հետո՝ արդյունաբերող երկրների թվի կրճատմամբ։ Եվ այս համապատկերում է, որ համեմատաբար կայուն է դիտարկվում միջուկային վառելիքի գինը։ Ու քանի որ բնական գազի գինը հիմնական որոշող գործոնն է Հայաստանի էլեկտրաէներգիայի արժեքի կանխատեսման գործում, ապա միջուկային վառելիքը հաստատ ձեռնտու կլինի իր՝ գոնե համեմատաբար կայուն արժեքով։ Հարց է ծագում՝ բայց չէ՞ որ շուտով Ռուսաստանից մատակարարվող գազին այլընտրանք կունենանք. Իրան — Հայաստան գազամուղը մրցունակություն կապահովի։ Այո, մասնագետները սա չեն հերքում, բայց համարում են, որ այդ այլընտրանքային գազի գինը ՌԴ—ից եկող գազի գնից էականորեն ցածր չի լինի, որ կարողանա էլէներգիայի արժեք կանխորոշել։

Ինչ վերաբերում է մյուս գործոներին, ապա «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման 2006թ. ծրագրի» արդյունքներն արձանագրում են, որ՝

ա) մինչեւ 2016 թ. ՀԱԷԿ—ի շարունակական շահագործման համար տնտեսական այլընտրանք չկա։ Սակայն դրա շարունակական շահագործումը պետք է հիմնավորվի երաշխիքով, որ կայանը լիովին կֆինանսավորվի՝ պահպանման եւ անվտանգությանն ուղղված բարեփոխումներ կատարելու համար։

բ) 2016 թ. Հայաստանը մոտ 2000 ՄՎտ նոր հզորության կարիք կունենա, եթե ՀԱԷԿ—ը շահագործումից դուրս բերվի 2016 թ., եւ շահագործումից հանվեն նաեւ գոյություն ունեցող հնացած ջերմային հզորությունները (Հրազդանի եւ Երեւանի ՋԷԿ—երի բոլոր բլոկների տարիքը 2016 թ. հետո կլինի 40 տարուց ավելի):

գ) ՀԱԷԿ—ի ծառայության ժամկետի ընդլայնումը իրագործելի չէ՝ Հայաստանի ոչ մի (առկա կամ նոր) հիդրոէլեկտրակայան հնարավորություն չունի գործելու որպես բազիսային բեռ բավարարող հզորություն՝ իրենց ջրամբարների սահմանափակ հզորության պատճառով։ Նվազագույն ծախսերով բազիսային բեռի հզորության արտադրման տարբերակը Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի համար միջուկային կամ ջերմային կայանում արտադրությունն է։

դ) Պետական մասնակցությամբ ծրագրվում է կառուցել 208 ՄՎտ հզորությամբ միայն մեկ ջերմային էներգաբլոկ, որը շահագործման կհանձնվի մինչեւ այս տասնամյակի վերջը։

ե) Իսկ Մեղրիի ծրագրված հիդրոէլեկտրակայանը (140 ՄՎտ տեղակայված հզորությամբ) չի կարողանա ծառայել Հայաստանի բեռը բավարարելուն դիտարկվող ժամանակահատվածում, որովհետեւ ՀԷԿ—ի կառուցման ֆինանսական սխեմայի համաձայն, դրա արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան ուղղվելու է դեպի Իրան։

Այս համապատկերում պարզ է դառնում, որ նոր ատոմային էներգաբլոկի թողարկումը նվազագույն ծախսերով միակ տարբերակն է, որն առաջնային վառելիքի տեսակների բազմազանության, վառելիքի մատակարարման տեսակետից ամենավստահելին լինելուց բացի, ապահովում է նաեւ էներգետիկ անվտանգության ու անկախության, ինչպես նաեւ բնապահպանական անհրաժեշտ մակարդակ։

Այսպիսով, հիմնվելով գազի եւ միջուկային վառելիքի գների աճի վերլուծության, ինչպես նաեւ ռազմավարական եւ տնտեսական քննարկումներին՝ մասնագետների կողմից առաջարկվում է.

ա) ՀԱԷԿ—ը շահագործումից հանել ատոմային նոր էներգաբլոկի կառուցումից եւ թողարկումից հետո։

բ) Իրականացնել ՀԱԷԿ—ի տարածքի համապարփակ անվտանգության եւ շրջակա միջավայրի գնահատում՝ որոշելու տարածքի համապատասխանությունը շահագործումից դուրսբերման եւ նոր ատոմակայան կառուցելու պահանջներին։

գ) Մշակել շահագործումից դուրսբերման համակողմանի ծրագիր, որը պետք է պատրաստ լինի ՀԱԷԿ—ի շահագործումից դուրս բերման գործընթացի մեկնարկումից 5 տարի առաջ։

դ) Սեփական միջոցներով ու դոնոր կազմակերպությունների օգնությամբ լիովին ֆինանսավորել անվտանգության բարեփոխումները եւ ՀԱԷԿ—ին անհրաժեշտ ներդրումները՝ մինչեւ 2015 թ. ներառյալ այն անվտանգ շահագործելու համար։

ե) Մշակել գործողությունների պլան՝ ուղղված մինչեւ 1000 ՄՎտ միավոր հզորության նոր ատոմային էներգաբլոկների ֆինանսավորման սխեմայի եւ կառուցման հետ կապված խնդիրների լուծմանը՝ ներառյալ կայանի չափերի եւ հետագայում շահագործումից դուրսբերման հետ կապված հարցերի լուծումը։

Անշուշտ, այդ դեպքում, ըստ մասնագետների, նկատի կառնվի Հայաստանում ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման պարագայում վերջինիս ազդեցությունը ատոմային ռեակտորի տիպի ընտրության վրա:

Մայիս 14, 2008


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news