ԷկոԼուր
ԷկոԼուրը Արմավիրի մարզի Արագած համայնքում, որը գտնվում է Հայկական ատոմային էլեկտրակայանից 5 կմ հեռավորության վրա, իրականացրել է ուսումնասիրություն` պարզելու, թե Հայկական ատոմային էլեկտրակայանի հարևանությամբ գտնվող համայնքն արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության մասին միջոցառումների մասին իրազեկվածության ինչպիսի մակարդակ ունի և թե համայնքում ինչ սոցիալական խնդիրներ կան:
2776 բնակիչ ունեցող Արագած համայնքում ճառագայթային անվտանգության մասին բնակչության իրազեկվածությունը ցածր է: Ճառագայթային վտանգի դեպքում բնակչությանն ուղղորդող պաստառները համայնքում բացակայում են: Բնակչությունը տեղյակ չէ, թե ճառագայթային վտանգի դեպքում ինչ պետք է անել, ուր գնալ: Հակագազի կիրառելության վերաբերյալ հարցը բնակիչների համար զարմանալի թվաց. «Ոչինչ չունենք: Ախր այնպիսի բաներ եք ասում, էս ժողովուրդն առաջին անգամ է լսում»,-նշեց մի բնակիչ:
Բացի այն, որ համայնքում բացակայում են հակագազերը, դրանց առկայության դեպքում անգամ մարդիկ չգիտեն, թե ինչպես է պետք այն օգտագործել: Դպրոցում աշխատող ուսուցիչները նշեցին, որ հակագազ վերջին անգամ տեսել են համալսարանում սովորելու տարիներին:
Արագածում բացակայում են նաև հատուկ նախատեսված հակաճառագայթային ապաստարանները կամ թաքստոցները: Որպես թաքստոց, ըստ բնակիչների, կարող են ծառայել նկուղները «Սովորական կենցաղային նկուղներ են՝ խարխուլ դռներով: Կոմպոտների համար պահեստ են»,- նշեցին բնակիչները: Քիչ թե շատ որպես ապաստարան կարող է ծառայել համայնքային մշակույթի շենքի նկուղը, որը թեև որոշակի խորություն ունի, սակայն ապակե պատուհաններ էլ ունի: Բացի այդ, այնտեղ հնարավոր չի լինի պատսպարել համայնքի շուրջ 3 հազար բնակչին:
Արագածի համայնքապետարանի աշխատակիցները ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեցին, որ գյուղում վտանգի ազդարարման շչակ կա, բայց այն չի գործում. «Չի աշխատում, մեջի մասերն անպիտան են»,- հայտնեցին համայնքապետարանից:
Ատոմակայանի հարևանությամբ՝ էլեկտրաէներգիայի տատանումներով
Բնակիչները չեն բացառում ճառագայթման վտանգի առկայությունը, կարծում են, որ ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում գտնվող համայնքներում աշխատանքի վարձատրությունը պետք է տարբերվի մյուս համայնքներից՝ կրկնակի բարձր լինի: Միաժամանակ նշում են, որ մինչ օրս որևէ «առավելություն» չեն նկատել ՀԱԷԿ-ի հետ հարևանության արդյունքում: Մինչդեռ տարեց բնակիչները հիշում են, որ ատոմակայանի կառուցման պայմաններից մեկն էլ այն էր, որ ՀԱԷԿ-ի հարևանությամբ գնտվող համայնքները կստանան ավելի էժան սակագնով էլեկտրաէներգիա: Սակայն այդ խոստումները իրականություն չդարձան թե՛ Խորհրդային Միության տարիներին, թե՛ դրա փլուզումից հետո: «Ատոմակայանը երբ կառուցեցին, դեռ կոմունիստների ժամանակ եկան, մենք համաձայնվեցինք, ստորագրեցինք, որ կառուցեն: Մեզ պետք է հոսանքը էժան տային: Բայց եկան, կառուցեցին, պրծան, մեզ ոչ մի հոսանք էլ չտվեցին.. »,- պատմեցին բնակիչները:
Արագածում էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումներ են գրանցվում: «Էլեկտրաէներգիայի վճարը համարժեք չէ մեր ստացածին: Լարումը ցածր է: ՀԷՑ-ին դիմել ենք, սպասում ենք պատասխանին... արդեն 2 տարի»,- նշեց բնակիչներից մեկը:
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման մասին հարցին բնակիչների մեծամասնությունը բացասական պատասխան տվեց: Ըստ բնակիչների՝ այսօր էլեկտրաէներգիա ստանալու տարբեր աղբյուրներ կան, և ՀԱԷԿ-ի պես մեծ վտանգ ներկայացնող կառույցի շահագործումը կարելի է դադարեցնել: «Թող այլ աղբյուրների միջոցով հոսանք ստանան: Հազար ու մի հիվանդություն ունենք: Չափահաս մարդիկ ենք: Լավ էլ հասկանում ենք, որ այս հեռավորության վրա ճառագայթումն ազդում է»,- ասացին նրանք:
Նոյեմբեր 22, 2019 at 16:08