Le Huffington Post. ԻՊ-ն կարող է հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին

Le Huffington Post. ԻՊ-ն կարող է հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին

Տաթևիկ Շահունյան, www.arminfo.am

«Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումը կարող է միջուկային հարված հասցնել հետխորհրդային տարածաշրջանին՝ Հայաստանին, Ուկրաինային կամ Մոլդովային: «Հատկապես վտանգավոր են Մեծամորի և Լեռնային Ղարաբաղի նշանակետերը, որտեղ միջուկային հարվածները կարող են առաջացնել իսկական հումանիտար և բնապահպանական աղետներ», - գրում է ֆրանսիական աշխարհաքաղաքական փորձագետ Իլան Սկիալոմը Le Huffington Post-ում հրապարակված հոդվածում:

Ըստ փորձագետի, միջուկային սպառնալիքն աճում է ԻՊ ընդլայնման հետ միասին: «Ահազանգային միտումը», ըստ Սկիալոմի, կայանում է նաև նրանում, որ ահաբեկչական գործողությունների թիրախ են սկսում դառնալ ռազմավարական օբյեկտները, օրինակ, Ստամբուլի և Բրյուսելի օդանավակայանները: Բելգիայում ահաբեկչական գործողությունների արդյունքների հետաքննումը վկայում է, ինչից այդքան վախենում էին վերլուծաբաններն ու հետախուզական ծառայությունները, որ «Իսլամական պետությունը» նախատեսել էր հարվածել Բելգիայի ատոմակայանին:

Ըստ Սկիալոմի, իսլամիստների գործողությունները միայն հաստատում են այս ամենը: Ավելի վաղ վրացական անվտանգության ծառայությունները ձերբակալել էին 6 սպեկուլյանտների, որոնք 200 մլն. դոլարով փորձել էին վաճառել Ուրան-238, իսկ վերջին 2 տարիներին նման բացահայտումների թիվը միայն աճում է: Փորձագետը պարզաբանել է, որ սպեկուլյանտները Վրաստանով և Հայաստանով նյութերը տանում են դեպի Սև ծով, որպեսզի հետագայում հասցնեն Մերձավոր Արևելք: «Այս համատեքստում ԽՍՀՄ պետությունների ատոմակայանների թույլ պաշտպանվածությունը, հատկապես Ուկրաինայում, Մոլդովայում և Հայաստանում, նրանց դարձնում է մատակարարման իրական աղբյուր, ինչպես նաև ԻՊ-ի պոտենցիալ հարձակումների թիրախ», - մեկնաբանել է փորձագետը:

Ըստ Սկիալոմի, հատկապես «հուզող պահ» է իրենից ներկայացնում Մեծամորի ԱԷԿ-ը: Դա ոչ միայն ահաբեկչական սպառնալիք է, այստեղ նաև սեյսմիկ ակտիվության գոտի է, որտեղ չկա սառեցման համակարգ` միջուկային ռեակտորի տաքացման դեպքում: Բացի այդ, վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածքում պահվում են ռադիոակտիվ թափոններ: «Դրանց թույլ պահպանությունը դրանք հեշտ թիրախ են դարձնում ահաբեկիչների համար և թույլ տալիս խոշորագույն բնապահպանական աղետ գուշակել Հարավային Կովկասում», - գրում է փորձագետը: Նրա գնահատմամբ, ԻՊ կողմից նախաձեռնված կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության արդյունքում առաջացած դժբախտ պատահարը կարող է դառնալ բնապահպանական աղետ:

Հեղինակը հիշեցնում է, որ Եվրամիությունը բազմաթիվ անգամներ կոչ է արել փակել Մեծամորի ԱԷԿ-ը, բայց Հայաստանի կառավարությունը հրաժարվել է, քանի որ կայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության 40%-ը: «Դա սպառնալիքների միասնություն է, ահաբեկիչների աճող հզորություն, քաղաքական կամքի բացակայություն, աշխարհաքաղաքական մրցակցություն: Հող է պատրաստվել պատմության ամենալուրջ միջուկային աղետի համար», - եզրափակել է Սկիալոմը:

11:11 Օգոստոս 03, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news