Ամուլսարի հանքի տարածքում հայտնաբերված բույսը Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակի» բուսատեսակն է, տեսչական մարմնի պատասխանը ԷկոԼուրին

Ամուլսարի հանքի տարածքում հայտնաբերված բույսը Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակի» բուսատեսակն է, տեսչական մարմնի պատասխանը ԷկոԼուրին

ԷկոԼուր

ԷկոԼուրը հարցում էր ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` տեղեկանալու, թե ինչ ընթացք է ստացել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի` առաջարկությունը` «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր առաջարկությունը հիմնավորել էր նրանով, որ ի հայտ է եկել նոր հանգամանք, որ Ամուլսարի տարածքում հայտնաբերվել են Կարմիր գրքում գրանցված «Ապոլոն» տեսակի թիթեռ, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակի» տեսակի բույս:

ԷկոԼուրին ուղղված ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի 2018թ-ի նոյեմբերի 7-ի թիվ 111/16.1/1001 նամակում նշված է.

«Հայտնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից ստացված գրության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 3-ի N261-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը նույն վայրերում, որտեղ տեսչական ստուգման ընթացքում հայտնաբերվել էին «Ապոլոն» (Parnassius apollo) թիթեռը և ամենայն հավանականությամբ «Ոզնաթուփ մեխակի» (Acantholimon caryophylaeceum Bois) բույսը, ուսումնասիրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գրությամբ ներկայացված փաստերը: Համաձայն նախարարի գրության` նշված աշխատանքային խումբը նախարարին տրամադրել է հաշվետվություն և եզրակացուցթյուններ, որոնց համաձայն՝
1) Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի հանքարդյունահանման համալիրի տարածքի Արտավազդես լեռան հարավային լանջը (N39.72535 E045.71833, 2961 ծ. մ. բ.) չի հանդիսանում «Ապոլոն» (Parnassius apollo) թիթեռի ապրելավայր կամ բնակատեղի:

2) Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոխարկիչի հարակից տարածքում (N39.75158 E045.64145 և N39.75164 E045.64075 1994 ծ. մ.

բ.) չի հայտնաբերվել Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակի» որևէ առանձնյակ և տարածքը չի հանդիսանում «Ոզնաթուփ մեխակի» աճելավայր կամ բնակատեղի: Նախնական գնահատմամբ հայտնաբերվել են միայն Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում չգրանցված Acanthalimon glumaceum և Acanthalimon Takhtajanii տեսակի մասսայական տարածված առանձնյակներ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2018 թվականի օգոստոսի 27-ի N16/29/231 գրությամբ ներկայացված փաստերը՝ «Ապոլոն» (Parnassius apollo) և «Ոզնաթուփ մեխակի» (Acantholimon caryophylaeceum Bois) տեսակների մասով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի իմաստով փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոններ չեն հանդիսանում:

Տեսչական մարմնին հայտնի չէ, թե ինչ չափանիշների հիման վրա է ՀՀ բնապահպանության նախարարությունն ընտրել մասնագետներին, որոնք տրամադրել են կից ներկայացվող եզրակացությունները, ինչպես նաև այն, թե ինչու ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կազմում ուսումնասիրություններ իրականացրած այլ անդամների եզրակացություններ ներկայացված չեն:


Հայտնում եմ նաև, որ տեսչական մարմնի ղեկավարը ՀՀ բնապահպանության նախարարի N261-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կազմում ներգրավված Անուշ Ներսեսյանից խնդրել է տրամադրել նշված այցելության ընթացքում հավաքված բույսի առանձնյակը և բույսի տեսակի վերաբերյալ կարծիք տալու համար այն տրամադրել կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի՝ բարձրակարգ բույսերի կարգաբան Էլեոնորա Գաբրիելյանին և կենսաբանական գիտությունների թեկնածու, բարձրակարգ բույսերի կարգաբան Իզաբելլա Արևշատյանին: Երկու մասնագետներն էլ նամակին ի պատասխան հայտնել են, որ այդ բույսը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակի» բուսատեսակը (նամակները կցվում են):


Ինչ վերաբերում է նշված տարածքը «Ապոլոն» (Parnassius apollo) թիթեռի ապրելավայր կամ բնակատեղի լինելու հանգամանքին, ապա հայտնում եմ, որ Հայաստանի մասնակցությամբ ՄԱԿ-ի «կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն «Բնակության միջավայր» նշանակում է՝ այս կամ այն օրգանիզմի կամ պոպուլյացիայի բնական բնակության տեղանք կամ վայր: Նույն հարցը կանոնակարգող՝ Եվրոպական միության «Բնակավայրի դիրեկտիվի» համաձայն որևէ տեսակի բնակավայր է համարվում որոշակի առանձնահատուկ կենսական կամ ոչ կենսական գործոններ ունեցող միջավայրը, որտեղ տվյալ տեսակն ապրում է իր կենսաբանական շրջանի ցանկացած փուլում (Habitats Directive of the European Union (f): habitat of a species means an environment defined by specific abiotic and biotic factors, in which the species lives at any stage of its biological cycle)»:

Լուսանկարը վերցված է www.arminfo.info կայքից:

15:00 Նոյեմբեր 08, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news