Գլխավոր դատախազը պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

Գլխավոր դատախազը պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

ԷկոԼուր

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ընդ որում, նշված գումարից 6մլն դոլարը 2008թ. հունվար ամսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն բանկից կանխիկացրել և միջնորդավորված եղանակով է փոխանցել, իսկ մնացած 8մլն դոլար կաշառքը Հարությունյանին փոխանցել է բանկային փոխանցման միջոցով՝ դարձյալ միջնորդավորված եղանակով:

Այնուհետև Արամ Հարությունյանը, այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ ապահովելու եղանակով, նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք /փողերի լվացում/, այսինքն՝ առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություններ:

Նշված քրեական գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: Եվս 2 անձ նույն հանցավոր արարքը կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Միաժամանակ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստացի Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենք, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար:

Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործով ձեռք բերված փաստական տվյալներն ուղղակիորեն հաստատում են Արամ Հարությունյանի անմիջական մասնակցությունը հանցավոր գործողություններին և վկայում հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի առկայության մասին: Նրան վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Մեղսագրվող հանցագործության բնույթը, կաշառքի ստացման շղթաներում բազմաթիվ անձանց ներգրավվածությունը վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Հանցանքի առերևույթ կատարմանը ներգրաված մի շարք անձինք հանդիսանում են կամ նրա մտերիմները, կամ նրա կողմից ղեկավարած պետական կառույցներում և մասնավոր ընկերություններում աշխատող անձինք: Այս հանգամանքը ողջամտորեն թույլ է տալիս կարծելու, որ նա կարող է ձեռնարկել միջոցներ՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ուղղությամբ, ինչն էականորեն բարձրացնում է ազատության մեջ գտնվելու դեպքում Արամ Հարությունյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր ու փաստաթղթեր թաքցնելու և կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ինչպես նաև նրան վերագրվող հանցանքի ծանրությամբ պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականությունը:

Ելնելով վերոգրյալից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արամ Հարությունյանին կալանավորելու մասին հարցը կքննարկվի դեկտեմբերի 4-ին մեկնարկելիք ԱԺ նիստում

www.news.am

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան կալանավորելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին մեկնարկելիք Ազգային ժողովի հերթական նիստում։
Հաշվի առնելով, որ Հայաստանում բուռն քարոզարշավ է ընթանում, մեծ է հավանականությունը, որ ԱԺ հերթական նիստերը չեն գումարվի, թեեւ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ կոչ է արել բոլոր պատգամավորներին ներկա լինել եւ մասնակցել այդ հարցով քվեարկությանը:

Նշենք, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը սահմանվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով։

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.
«Հոդված 108. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը
1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.
1) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել.

2) մտքերի փոխանակություն.

3) միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:
3. Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:
4. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
5. Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ԱԺ-ին՝ պատգամավոր Արամ Հարությունյանին նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու հարցով:

13:08 Դեկտեմբեր 03, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news