ՀՀ էներգետիկայի նախարար` Թեղուտի պոչամբարին ժամանակին չի տրվել ճիշտ տեխնիկական եզրակացություն

ՀՀ էներգետիկայի նախարար` Թեղուտի պոչամբարին ժամանակին չի տրվել ճիշտ տեխնիկական եզրակացություն

ԷկոԼուր

Ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դադարեցման արդյունքում ստեղծված իրավիճակը: ՎՏԲ բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի բանկը կառավարության հետ համատեղ իրականացնի ուսումնասիրություն հանքավայրի հետագա շահագործումը կազմակերպելու համար: Այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշեց, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դադարեցման պատճառը պոչամբարն է: «Այստեղ խնդիրը հիմնականում պայմանավորված է պոչամբարի պատվարի շինարարական ռիսկերի հետ: Ժամանակին չի տրվել ճիշտ տեխնիկական եզրակացություն, և այն ռիսկը, որն այսօր գոյություն ունի, մեզ հնարավորություն չի տալիս գնալ բացարձակ աշխատանքային գրաֆիկի: Որպեսզի ճիշտ գնահատվի այդ ռիսկը, Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքները», - ասաց Արթուր Գրիգորյանը:

Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, 2017թ-ի գարնանը տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցկացնելով Թեղուտի պոչամբարային տնտեսություն արտադրական վտանգավոր օբյեկտում, հիմնականում ուսումնասիրելով պոչամբարի վերաբերյալ փաստաթղթերը, 2017թ. մայիսի 26-ին դրական եզրակացություն է տվել Թեղուտի պոչամբարին: Սակայն ամիսներ անց «Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարեց Թեղուտի հանքավայրի անորոշ ժամանակով շահագործման դադարեցման մասին` պատճառաբանելով ֆինանսական խնդիրները և պոչամբարի կայունության ցուցանիշների ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին չհամապատասխանելը: «Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ամրապնդելու է պոչամբարի պատվարը, նաև, հնարավոր է, պոչամբարի համար նախատեսված տարածքում նոր տեղամասի պատվար կառուցի:

Լուսանկարը` minenergy.am

 

18:41 Սեպտեմբեր 04, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news