Ջրային կոմիտեի հայտարարությունը` կոմիտեի նախագահի անվան շուրջ պտտվող լուրերի և Սևանից հավելյալ ջրառի մասին

Ջրային կոմիտեի հայտարարությունը` կոմիտեի նախագահի անվան շուրջ պտտվող լուրերի և Սևանից հավելյալ ջրառի մասին

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում անդրադարձել է կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի անվան շուրջ պտտվող լուրերին, Սևանա լճից հավելյալ ջրառին:

Հաղորդագրության մեջ նշված է.

«Ջրային կոմիտեն կանգնած է ջրօգտագործողի կողքին
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվում, որոնցով կրկին փորձում են քննություն չբռնած, շինծու թեմա շրջանառել՝ միայն իրենց հայտնի նպատակներով:

Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո, Ինեսսա Գաբայանն, ի պատասխան հաճախ հնչող հարցերի, հրապարակային անդրադարձել է իրենց ընտանեկան գործունեությանը, պարզաբանել, որ հիդրոմասնագետների ընտանիքով 5 տարի առաջ ՓՀԷԿ են հիմնադրել: Ի պատիվ Գաբայան ընտանիքի, մեր երկրում եզակի օրինակելի ՀԷԿ-երից մեկը նրանց հիմնադրածն է, ինչում համոզվելու համար պարզապես կարելի է լսել ցանկացած անկախ մասնագետի, փորձագետի գնահատական կամ այցելել ՓՀԷԿ, որը չի էլ գտնվում Սևան-Հրազդան համակարգի տիրույթում:

Ժամանակ առ ժամանակ այս թեմային արհեստական հնչեղություն է հաղորդվում՝ թյուր մեկնաբանություններով և շահերի բախում փնտրվում այնտեղ, որտեղ այն իսպառ բացակայում է:
Շահերի բախման մասին. Ջրային կոմիտեն որևէ առնչություն չունի ջրօգտագործման թույլտվության ընթացակարգերին և իր գործառույթներից բխող կարիքների դեպքում՝ ինքն է դիմում Բնապահպանության նախարարության համապատասխան գործակալությանը: Ակնհայտ է, որ կոմիտեի նախագահի դեպքում ևս շահերի բախման մասին խոսք լինել չի կարող:

Վերջին շրջանում փորձ է արվում հիդրոէներգետիկան, ՀԷԿ-երի գործունեությունը հակադրել ոռոգման համակարգի ջրապահովությանը, ինչը, մեղմ ասած, անտեղյակության /հուսով ենք՝ ոչ միտումնավորության/ արդյունք է: Անշուշտ, խոսքը հիդրոռեսուրսները արդյունավետ և խնայողաբար օգտագործող, ժամանակակից տեխնոլոգիաներով զինված և բարձր ՕԳԳ ապահովող կայանների մասին է:

Ի դեպ, այս թեման հաճախ շահարկվում է նաև Սևանից լրացուցիչ ջրառի ֆոնին, անգամ գտնվել է «հասարակական գործիչ» ներկայացած անձ, որ հայտարարել է, թե լճից հավելյալ ջրառը ոչ թե 55 հազար գյուղացիական տնտեսությունների համար է, այլ՝ 3 ՀԷԿ-ի: Զավեշտը ոչ այնքան անփուշ լեզվի ու վառ, ավելի շուտ՝ մթագնած երևակայության մասին է, այլ՝ ակնհայտ սեփական փորացավն առաջ մղելու անթաքույց ջանքերի:

Սևանից հավելյալ ջրառի առաջին իսկ ժամերից կոմիտեի նախագահն, ի դեպ, առանց զգուշացնելու, շրջայց է կատարել երեք մարզերում, եղել Սևան-Հրազդան ջրառից սնվող բոլոր ՀԷԿ-երում, համոզվելու համար, որ որևէ կայան ոռոգման հաշվին չի գործում: Այցի արդյունքների մասին տեղեկատվությունը հրապարակվել է կոմիտեի կայքում և տարածվել լրատվամիջոցներով:

Շահ ու բախում փնտրողները կարող են ավելի ուշադիր ծանոթանալ կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի աշխատանքային ու մասնագիտական փորձին և համոզվել, որ տասնամյակների փորձառությամբ հիդրոմասնագետը, որի գործունեության գերակշիռ մասը միջազգային փորձագիտական դաշտում է եղել, պետական ծառայության է անցել համակարգին օգտակար լինելու համար: Ձևակերպումը, թե «պաշտոնն օգտագործում է սեփական շահերը սպասարկելու համար», միանշանակ Գաբայանի մասին չէ:
Շուրջ երկու ամսվա գործունեության ընթացքում արդեն իսկ Ինեսսա Գաբայանը համակարգի առողջացման լուրջ և ըստ անհրաժեշտության՝ նաև կոշտ քայլերի է գնացել, ինչի արդյունքն ի դեպ, կարող են լինել նույն ձեռագրով՝ ամբաստանագիր հիշեցնող և ոչ մասնագիտական եզրահանգումներով հրապարակումները: Սակայն, խոր հիասթափություն է սպասվում «սրտացավ» պատվիրատուներին. Ջրային կոմիտեի նախագահը շարունակելու է համակարգում վերականգնել արդարությունն ու փակել ջուր գողացողների, շռայլողների և պղտոր ջրում որս անողների ճանապարհը, ինչքան էլ դիմադրությունը մեծ լինի և բանսարկությունն՝ առատ:Նա միշտ կանգնած է ջրօգտագործողի կողքին:

Ինեսսա Գաբայանը մամուլի հետ շփումներում բաց է, գործունեությունը՝ թափանցիկ, ինչն, ի հեճուկս պսևդո-սրտացավների, ուղղակի կենսակերպ է և ոչ ՝ պահի աշխատաոճ:

Բարձր գնահատելով լրատվամիջոցների դերը հանրային կարծիքի ձևավորման, հասարակության իրազեկման հարցերում, կրկին առողջ համագործակցության մեր պատրաստակամությունն ենք հայտնում, հուսով, որ ջուր պղտորողները կհաշտվեն նոր իրավիճակի հետ և կփորձեն հանրօգուտ գործով զբաղվել կամ գոնե չխանգարել այդպես ապրողներին»:

19:05 Սեպտեմբեր 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news