ՀՀ կառավարության նիստում քննարկեցին ոռոգման ջրի խնդիրը, անդրադարձան նաև ՓՀԷԿ-երին

ՀՀ կառավարության նիստում քննարկեցին ոռոգման ջրի խնդիրը, անդրադարձան նաև ՓՀԷԿ-երին

ԷկոԼուր

Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվեց ոռոգման ջրի խնդիրը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.

- Այսօր ջրային համակարգում 10.5 միլիարդ դրամի պարտք կա: Պետք է հասկանանք` այդ պարտքն ինչպես է գոյացել: Գյուղացիները չե՞ն վճարել, գյուղացիները վճարել են, ջրօգտագործող ընկերությունները չե՞ն հաշվառել: Մենք ինչքան քննարկում ենք, քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել: Եվ այստեղ ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել: Պետական վերահսկողության ծառայությունն այս թեմայով լուրջ ուսումնասիրություններ արե՞լ է, պարոն Սանասարյան:

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյան.

- Ձեր հանձնարարականի ժամկետը լրանում է մարտի 15-ին, և մենք մարտի 15-ին ամբողջությամբ կներկայացնենք մեր ուսումնասիրությունները: Այդ պարտքերի մի զգալի հատվածը ձևավորվել է… գյուղացին վճարել է իր օգտագործած ջրի դիմաց, բայց դա տեղ չի հասել, հետո վերջում գրում են կորուստ և այլն: Ձեռագիրը սա է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.

- Այստեղ գլխավոր դատախազը լսեց, մեր քննչական մարմինների ղեկավարներն էլ ներկա են, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: Մենք պետք է այս հարցով շատ լուրջ զբաղվենք, և այս առումով 2019թ-ի ոռոգման սեզոնը պետք է լինի խիստ կարգապահ սեզոն: Սա ամենակարևոր առաջնահերթություններից է: Ջրային սեզոնի հետ կապված մենք կանխատեսումներ ունե՞նք:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան.

- Այսօրվա դրությամբ բացի Սևանից բոլոր ջրամբարները լցված են ավելի շատ: Մարտ ամսին մի քիչ իջնում է դրանց թիվը, Սևանինը շատ չի տարբերություն տալիս, 2 սմ տարբերություն կարող է տալ, 5-ը դառնալ 3, մյուս տեղերում գրեթե նույնն է մնում: Մի քիչ պակաս է լինում Ախուրյանի ջրամբարում նախորդ տարվա համեմատ: Եվ կան այդպիսի բաներ մյուս տեղերն էլ, բայց տարբերությունները շատ մեծ չեն, և դա կարող է փոխվել տեղումների հետ կապված, որովհետև տեղումները ոնց որ ակտիվանում են: Իրավիճակը արտառոց չէ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.

-Պարոն Բաղրամյան, իսկ երբ որ պայմանավորվել էինք, որ ջրամբարներից թողքերը շատ խիստ հսկողության տակ առնվեն, որպեսզի նաև էներգետիկ նպատակներով չչարաշահվեն, այդ խնդիրը լուծվե՞ց:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյան.

-Վերցրել ենք ՀՀ բնապահպանության նախարարությունից ամբողջ տեղեկատվությունը, այն փոքր ՀԷԿ-երի ցանկը, որոնք ջրօգտագործման թույլտվություն ունեն և իրենց աշխատանքն ապահովում են ջրամբարից ջուր վերցնելով, և հանձնարարել ենք Հաշվարկային կենտրոնին խիստ հսկողության տակ վերցնել: Այսինքն, ցնկացած ջրօգտագործման թույլտվությունից դուրս էլեկտրաէներգիայի արտադրությունն անմիջապես կֆիքսվի և կհասկանանք` ոնց է դա տեղի ունեցել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.

-Պարոն Գրիգորյան, իսկ մեր փոքր ՀԷԿ-երի ջրաչափերի խնդիրը լուծվո՞ւմ է:

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան.

- Ընթացքի մեջ է, ամեն օր ստանում ենք նոր տեղեկատվություն, արդեն 30 տոկոսի մոտ հաստատ գիտենք, որ տեղադրվել են ջրաչափերը: Կառավարության ծրագրի ներքո մենք մեզ համար միջոցառումների ծրագիր` նշանակետեր ենք դրել, որ բոլոր խոշոր ջրօգտագործողները, ՓՀԷԿ-երը ջրաչափական համակարգ կունենան, և ոչ միայն համակարգ, այլ նաև այդ համակարգն առցանց միացված կլինի տեղեկատվական համակարգին: Այս պահին սերվերներն ամբողջությամբ գնված են, համակարգն արդեն իրականացված է և ջրօգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը կստանանք նաև իրական ժամանակահատվածում: Ընթացքի մեջ է դա: Նաև ավելացնելով Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվությանը` բացի ջրամբարներից այս պահի դրությամբ ձյան շերտը շատ ավելի բարձր է, քան անցյալ տարի է եղել, և ակնկալում ենք, որ ձևավորվող ջրի առկայության մասով լինի ավելի, քան անցյալ տարի է եղել:

Ոռոգման ջրի հետ կապված նույնիսկ եթե վճարները հավաքագրվեն, ջրերը մատակարարվեն, փոխվել է շատ բան իրականության մեջ: Օրինակ, միջին ջերմաստիճանը Հայաստանում արդեն 1.23 աստիճանով բարձրացել է, այսինքն, ջրի պահանջարկն ավելի մեծ է լինելու: Բացի դրանից, ոռոգման նորմերը որ հաշվարկված են, օրինակ 30 աստիճան ջերմաստիճանի պարագաներում են, բայց մենք օգոստոսին ունենք ժամանակահատված, որ 5-10 օր 40 և ավելի է լինում: Այսինքն, եթե նույնիսկ մենք առաջնորդվենք այն նորմերով, որ ունենք մինչ հիմա, ջրապահանջարկը իրականում շատ ավելի մեծ է լինելու` կապված նաև հողագրունտի կառուցվածքի հետ, որովհետև Արարատյան դաշտի ջրերի գերօգտագործման հետևանքով այդտեղ նույնպես ջրի լրացուցիչ պահանջարկ է առաջացել: Մենք ջուրը հասցնելը ինչ պայմանով էլ որ լինի, այդ սկզբունքից պետք է փորձենք մի փոքր թեքվել և հասականալ, թե այն նվազագույն քանակը որն է, որ մենք պետք է տանք գյուղացիական տնտեսություններին, որովհետև մենք սովորական մի հեկտարի համար հիմա 12 հազար խմ ջուր ենք տալիս, գերնորմատիվային հողերում շատ ավելի, և տեղեր կան, որ այդ սուբսիդիայի գումարները շատ-շատ մեծ են, շատ ավելին և գերազանցում են նույնիսկ բազմաթիվ անգամ ստացվող բերքի արդյունքը, և այստեղ կարծում եմ, որ պետության ջրային քաղաքականությունը պետք է գնա այն ուղղությամբ, որ ապահովենք նվազագույն մասը, որ տնտեսությունները նաև իրենք հետաքրքրված լինեն կաթիլային ոռոգման համակարգով, իսկ մնացած ջրի մատակարարումը, որը որ շուկայական ինչ-որ գին ունի, դա պետք է, կարծում եմ, քննարկենք և փոփոխություններ կատարենք, որովհետև եթե կա ինտենսիվ այգի, որ արդյունավետ աշխատում է, որը բարձր շահութաբերություն ունի և նրանք պատրաստ են 30-35 դրամով խմ ջուրը գնել, ապա պետությունն ամեն գնով, 250 դրամ ինքնարժեքով չպետք է այդ ջուրը հասցնի այդտեղ և 11 դրամով վաճառի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան.

- Մենք այստեղ 2 ուղղությամբ աշխատանք ունենք, առաջինը կաթիլային ոռոգման համակարգերի խթանման հետ, և երկրորդը, ջրամբարաշինության շատ լուրջ ծրագիր պետք է իրականացվի: Այստեղ մենք պետք է հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկենք ջրամբարաշինությանը նոր թափ տալու համար: Եվ, իհարկե, ամենակարևորը ոռոգման համակարգի արդյունավետ կառավարումն է: Եվ այո, Հայաստանում, ի վերջո, պետք է հիմնադրվի կոմմերցիոն ոռոգման համակարգ, երբ որ կա սովորական ոռոգման համակարգ սովորական պայմաններով, բայց եթե կան տնտեսություններ, որոնք պատրաստ են եռակի, քառակի անգամ ավելի գին վճարել, բայց այդ ջուրը ստանալ, պետք է նաև այդ մեխանիզմը կիրառվի: Բայց դրա համար նաև պետք է նոր ջրային պաշարներ գոյանան, որպեսզի մենք ուրիշներից կտրելու միջոցով կոմմերցիոն մասը չապահովենք և դրանով նաև բալանսները խախտենք և աղքատությունը հաղթահարելու փոխարեն, ընդհակառակը, ավելի խորացնենք: Այսօրվանից ջրի խնայողությունը, ինչպես նաև էներգախնայողությունը պետք է դառնա մեր մտքերի հիմնական ընթացքը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան.

- Քանի որ համակարգն ունի լրջագույն ինստիտուցիոնալ խնդիրներ և ջրի կառավարման առումով, մենք կարիք ունենք ամբողջապես նոր ռազմավարության, այդ իսկ պատճառով արդեն իսկ նախաձեռնել ենք որոշակի գործողությունների հերթականություն, որը մեզ թույլ կտա հետազոտություններ անցկացնել ամբողջ ջրային կառավարման ոլորտում, այսինքն, առաջացող ջրի, սուբսիդավորման մեխանիզմների, հետագա բաշխման մեխանիզմների վերաբերյալ: Եվ կարծում եմ, որ այս տարվա ավարտին մենք կունենանք մի ամփոփ փաստաթուղթ, որը կվկայի բոլոր խնդիրների մասին, ինչպես նաև լուծումներ կտա, որոշակի ուղղություններ կտա, ըստ որի մենք կկարողանանք ընտրություն կատարել:

16:47 Փետրվար 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news