Ներքին Գետաշենում բողոքի ակցիայից հետո ոռոգումը լավացել է, հայտնում են բնակիչները

Ներքին Գետաշենում բողոքի ակցիայից հետո ոռոգումը լավացել է, հայտնում են բնակիչները

ԷկոԼուր

Ջրի խնդիրը շարունակում է մնալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա և Գեղհովիտ համայնքների կարևորագույն խնդիրը: Այս կապակցությամբ պարբերաբար համայնքների բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում: Վերջին ակցիան տեղի էր ունեցել հուլիսին՝ Ներքին Գետաշեն համայնքում:

«Կարտոֆիլ եմ ցանում, 1500 մ հողատարածք ունեմ: Երբ լիարժեք ջրում էինք, լավ բերք էինք ունենում: Մենք էն ժամանակ 300-400 հազար դրամի կարտոֆիլ էինք վաճառում, իսկ հիմա՝ 50-60 հազարի չի լինում, չորանում է…ՀԷԿ-ն աշխատում է, ջուրը չի հասնում, հիմա էնտեղ ցամաք-ցամաք է, ջուր չկա…Ոչ մի հողամաս չենք մշակում, որովհետև ջուր չկա: Վերին Գետաշենի և Մադինայի արանքը ջրովի տարածք ունենք, որը չի օգտագործվում, ջուր չկա: Մեր արոտավայրերը տվել են Մադինային և Վերին Գետաշենին, մեր գյուղը շիվար կանգնած է, ամեն բանից զուրկ: Էս հսկայական գյուղի համար ոչինչ չկա…ՀԷԿ-ը միացնում են, Վերին Գետաշենի ու Ներքին Գետաշենի ոռոգման ջուրը կտրվում է: 2-3 օր առաջ բոլոր տուրբինները աշխատում էին, գյուղում ոռոգման ջուր չկար…Անցած տարիներին, որ գետի ջուրը կտրում էին, էկոհամակարգն ամբողջովին վերանում էր: Մեր հողերի 80-90 տոկոսը ջրի պատճառով մնացել է առանց վարել-ցանելու: Ներքին Գետաշենը Մադինայի հատվածում մոտավորապես մի 50 հա-ի չափով հողեր է ունեցել: Մշակաբույսեր էինք ցանում՝ կարտոշկա, կաղամբ, հիմա որպես արոտավայր էլ չենք կարող օգտագործել: Եկամուտ ընդհանրապես չկա…2500 մ հող ունեմ, բայց ջուր չունենք, ի՞նչ ցանենք: Բազմաթիվ անգամներ գյուղապետի հետ խոսել ենք, ասել ենք՝ կարգավորե՛ք: Ժողովուրդը ներկա պահին կռախի առաջ է. տարածքը կա, ցանկությունը կա մշակելու, բայց ջուր չկա», - ԷկոԼուրի հետ հանդիպման ժամանակ բողոքեցին Ներքին Գետաշենի բնակիչները:

Իրենց ջրի հիմնական խնդիրները բնակիչները կապում են Արգիչի գետի վրա կառուցված «Արգիչի» փոքր ՀԷԿ-ի շահագործման հետ:

ԷկոԼուրի տեղեկություն.

«Արգիչի» փոքր ՀԷԿ-ի ջրառն իրականացվում է Մադինա համայնքի վարչական տարածքում, ջրբացթողումը՝ Վերին Գետաշեն համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ի ՋԹ-ում նշված է, որ ՓՀԷԿ-ը ջրառ է իրականացնում Գեղհովիտ համայնքի վարչական տարածքում: «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ.: Ըստ նախագծի՝ «Արգիչի փոքր ՀԷԿ»-ի խողովակաշարի երկարությունը 9527մ է, տրամագիծը՝ 1420մմ: ՓՀԷԿ-ն ունի 5 հիդրոագրեգատ, իսկ նախագծով նախատեսված է եղել 4 ագրեգատ: ՓՀԷԿ-ի աշխատանքը ոռոգման սեզոնին /ապրիլ-սեպտեմբեր ամիսներ/ ամբողջովին կանգնում է, քանի որ ՓՀԷԿ-ի համար օգտագործվող գետահատվածում իրականացվում է Վերին Գետաշեն, Մադինա, Ներքին Գետաշեն և Գեղհովիտ համայնքների ոռոգում:

Ըստ Հաշվարկային կենտրոնի տվյալների, «Արգիչի ՓՀԷԿ»-ը աշխատել է 2018 թ. ոռոգման թեժ սեզոնի ընթացքում` հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին և արտադրել համապատասխանաբար` 3,703,981 կՎտ/ժ, 480,715 կՎտ/ժ և 456,511 կՎտ/ժ էլեկտրաէներգիա: 2019 թ. տվյալների համաձայն, հունիս ամսին արտադրել է 4 209 676 կՎտ/ժ էլեկտրաէներգիա: 2019 թ. հուլիսի տվյալները դեռ հրապարակված չեն: 

ԷկոԼուրի հետ զրույցում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի անդամ Եղիազար Դավթյանի կարծիք հայտնեց, որ բոլոր չորս համայնքները կարող էին ոռոգման ջուր վերցնել Արգիչի գետից, և դա կբավարարեր իրենց ոռոգումն իրականացնելու և պոմպակայաններից չօգտվելու համար: «Նրանք աշխատում են ժամանակ առ ժամանակ, և ջուրը ոչ բոլորին է հասնում` մի շաբաթ մի թաղամաս, հետո` մյուս», - նշեց նա:

ԷկոԼուրի տեղեկություն.

Հիդրոլոգիական տվյալները Արգիչի գետի համար ոչ հավաստի են, ինչի պատճառով ազդակիր համայնքներում առաջացել է ոռոգման ջրի պակաս: Տեխնիկական լուծումներով անհրաժեշտ է գտնել բնապահպանական թողքի հստակ ապահովման եղանակ: ՓՀԷԿ-ում տեղադրված նախկին պլաստմասե խողովակների փոփոխությունից հետո մոտ 300մ խրամուղիներ բաց են, չի կատարվել հողի ռեկուլտիվացիա, ինչը պահանջում է արագ լուծում, առկա են նախագծային շեղումներ:

Ազդակիր համայնքները բազմիցս փորձել են պայմանավորվածություն ձեռք բերել փոքր ՀԷԿ-ի տնօրինության հետ ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ը չաշխատեցնելու վերաբերյալ: «Պայմանավորվածություն էինք ձեռք բերել, չեն պահպանում: Խոստացել էին ոռոգման ժամանակ ՀԷԿ-ը կանգնեցնել, բայց չեն անում. ոռոգման սեզոնին աշխատում է…Գետում շատ քիչ ջուր է մնացել, ինչը բավարար չէ համայնքին անհրաժեշտ քանակով ոռոգման ջուր մատակարարելու համար: Արդյունքում համայնքային հողատարածքները չորանում են…», - ասացին բնակիչները:

Բնակիչների խոսքով՝ բողոքի ակցիաներից հետո ջրի մատակարարումը քիչ թե շատ բավարար է լինում: Հուլիսին տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո նրանք ոռոգման ջուր ունեն:

18:26 Հուլիս 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news