Խորհրդարանում Մանե Թանդիլյանը պահանջել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականը. պատգամավորները դեմ են քվեարկել

Խորհրդարանում Մանե Թանդիլյանը պահանջել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականը. պատգամավորները դեմ են քվեարկել

ԷկոԼուր

Ս.թ. դեկտեմբերի 5-ի նիստին ՀՀ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, անդրադառնալով նախորդ օրը քննարկված բնապահպանական հարցերին, քննադատելով կառավարության պատասխանն ու շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի բացակայությունը, խորհրդարանին առաջարկել է ՀՀ վարչապետի քննարկմանը ներկայացնել Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցի վերաբերյալ ՀՀ ԱԺ որոշման նախագիծ:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը՝ առաջարկի քվեարկությունից առաջ հայտարարությամբ հանդես են եկել ՀՀ ԱԺ խմբակցությունները:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ որեւէ հիմք չկա՝ պահանջելու Էրիկ Գրիգորյանի հրաժարականը, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկացրել է, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ստեղծված է քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է քննարկման առարկա ոլորտը:

Քվեարկության արդյունքում ՀՀ ԱԺ որոշման նախագիծը չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ: Կողմ էր քվեարկել 17 պատգամավոր, դեմ՝ 67-ը:

12:30 Դեկտեմբեր 09, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news