Արդյոք Արամ Հարությունյանը մեղքի առկայության դեպքում պատասխանատվության կենթարկի՞ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներին

Արդյոք  Արամ Հարությունյանը մեղքի առկայության դեպքում պատասխանատվության կենթարկի՞ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներին

ԷկոԼուր

ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2012 թվականի օգոստոսի 23-ի թիվ ԲՓ 70 փորձագիտական եզրակացությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահապանության նախարարության պաշտոնական կայքը: Հրամանը սահմանված կարգով ուղարկվել է բոլոր շահագրգիռ կողմերին: 

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Արամ Հարությունյանը ղեկավարվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի N 701-Ն որոշման պահաջներով: Նախարարը  հիմք է ընդունել նաեւ այս խնդրի ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունները, որոնք են. «1. Առաջարկել ՀՀ բնապահպանության նախարարին՝

ա) դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ «Մեգաէներջի» ՍՊԸ-ին հատկացված հողատարածքների (կադաստրային ծածկագրերը՝ 11-028-0653-0001, 11-028-0323-0002, 11-028-0323-0003 և 11-022-0707-0002) հողահատկացման և իրադրական հատակագծերը, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան և Գետահովիտ համայնքների վարչական սահմանները նկարագրող և հողատեսքերը արտահայտող քարտեզները՝ էլեկտրոնային և թղթային տարբերակով տրամադրելու համար,

բ) պարզել «Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի տեղադիրքը, հնարավորության դեպքում տրամադրել թվային քարտեզը կամ հանգուցային կետերի կոորդինատները,

գ) միջնորդել /հանձնարարել/ լիազոր մարմնին՝ ստուգման միջոցով պարզելու գործունեության ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասը, եթե այդպիսի վնաս առկա է,

դ) մեղքի առկայության դեպքում պատասխանատվության ենթարկել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներին,

ե) հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի և ՀՀ կառավարության 08.05.2003թ.-ի թիվ 701-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջները՝ էկոլոգիական նոր գործոնների ի հայտ գալու հետ կապված հանգամանքները վերանայել կամ չեղյալ համարել «Մեգաէներջի» ՍՊԸ-ը 23.08.2012թ. տրամադրած բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը /թիվ 70/»: Նշենք, որ աշխատանքային խումբը, փոքր ՀԷԿ-ի կառուցման վայրում ուսումնասիրություններ իրականացնելով, հայտնաբերել էր, որ. «1. Նախագծով նախատեսվում էր օգտագործել արդեն գոյություն ունեցող ջրային սխեմա, որը տարածքում բացակայում էր:

2. Ջրահեռացման կետի հողային աշխատանքները նույնպես տարբերվում էին նախագծային չափանիշներից:

3. Ջրառի և ջրահեռացման կետերը կապող ճանապարհի երկայնքով առկա են արմատախիլ ծառեր և հողաշինարարական աշխատանքներ:

… Ըստ համայնքի բնակիչների տվյալների վերոնշյալ ՓՀԷԿ-ի տարածքը համընկնում է «Իջևանի» և «Արջատխլենու»արգելավայրերի տարածքների հետ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի սահմանների նկարագրերը մինչ օրս սահմանված չեն, հետևաբար հնարավոր չէր պարզել ՓՀԷԿ-ի և արգելավայրերի տարածքների համընկնումը:

Պարզվել է նաև, որ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետը աշխատանքային նախագծի փորձաքննությունն իրականացնելիս ՓՀԷԿ-ի կառուցման տարածք չի այցելել և չի ծանոթացել փաստացի իրավիճակին»:

Հարց է մնում` արդյոք  նախարար Ա. Հարությունյանը աշխատանքային խմբի առաջարկությամբ մեղքի առկայության դեպքում պատասխանատվության կենթարկի «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներին:

Հոկտեմբեր 29, 2012 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր