Արարատյան դաշտավայրի գյուղերին ջրով ապահովելը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է

Արարատյան դաշտավայրի գյուղերին ջրով ապահովելը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է

ԷկոԼուր

Արարատյան դաշտավայրի մի շարք համայնքներում ստորերկրյա ջրային պաշարների նվազման հետեւանքով ջրօգտագործման հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ այդ տարածքի գյուղերի բնակիչներին ինչպես կենցաղային, այնպես էլ ոռոգման ջրով ապահովելը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հուլիսի 2-ին ձկնարտադրությամբ զբաղվող «Էկոֆիշթրեյդ» ընկերությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի եւ Արարատի մարզպետները, Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, Զարգացման հայկական գործակալության, «Հայջրնախագիծ» ՓԲԸ ղեկավարները, ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչները:

Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, Զարգացման հայկական գործակալության եւ ձկնաբույծների ներկայացուցիչներից կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի տարբեր երկրների նմանատիպ փորձը, եւ ջրային պաշարներն առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի կառավարությանը:

Փոխվարչապետը Բնապահպանութան նախարարության ներկայացուցիչներին նաեւ առաջարկել է ուսումնասիրել 2010-2012թթ. ջրօգտագործման թույլտվություններով դեռ չկատարված հորատումների նպատակահարմարությունը եւ համապատասխան առաջարկություն ներկայացնել կառավարություն:

11:23 Հուլիս 03, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news