Նոր որոշմամբ կարգելվի Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքեր հորատելու թույլտվությունների տրամադրումը

Նոր որոշմամբ կարգելվի Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքեր հորատելու  թույլտվությունների տրամադրումը

ԷկոԼուր  

Սույն թվականի ապրիլի 3-ին գործադիրի հավանությանը կներկայացվի «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին»  որոշման նախագիծը։ Ապրիլի 1-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գործող ջուր օգտագործող ընկերությունների, ձկնաբույծների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ձկնաբույծների և համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է այդ որոշման նախագծի դրույթները։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը,   որոշման ընդունման դեպքում նախատեսվում է արգելել ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքեր հորատելու  թույլտվությունների տրամադրումը և վերոհիշյալ մարզերի համայնքների ղեկավարներին հանձնարարվելու է չթույլատրել նախկինում ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն դեռ  չհորատված հորատանցքերի մասով շինարարության թույլատվությունը, քանի որ դրանք չեղյալ են հայտարարվելու: Ջրամատակարարման փակ կամ կիսափակ համակարգի անցնելու, ինչպես նաև ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ կառավարման համակարգի արդի սարքավորումներ ապահովելու դեպքում Արամ Հարությունյանը տնտեսվարողներին առաջարկել է ծրագրեր մշակել և ներկայացնել հաստատման:

Բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ նոր որոշման դրույթների համաձայն՝ մեկամսյա ժամկետում մինչ այդ ջրօգտագործման թույլտվության համար նախկինում դիմած տնտեսվարողները ներկայացնելու են նոր դիմումներ, ձևավորվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որն էլ եռամսյա ժամկետում անհատապես քննարկելու և եզրակացություն է տալու յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ: Ներկաներին տեղեկացվել է, որ ընդունվելիք  փաստաթուղթը վերաբերվելու է մինչև ապրիլի 1-ը ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով ստացված դիմումներին։   

Նախագծով սահմանված է, որ մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը պետք է մշակվի Արարատյան հարթավայրի ջրավազանային կառավարման պլանը: Նախատեսվում է նաև այդ ժամանակահատվածում հիմնավորել համայնքային նշանակության հորերի առկայությունը և դրանցից օգտվելու պահանջարկները:

Լուսանկարը` ՀՀ բնապահպանության նախարարության

12:29 Ապրիլ 02, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news