Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար բացառիկ գերակա շահ ճանաչվեց մասնավոր սեփականությունը

Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար բացառիկ գերակա շահ ճանաչվեց մասնավոր սեփականությունը

ԷկոԼուր

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմանների տարածքում ՀՀ կառավարությունը ապրիլի 3-ի նիստում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, որոշումը կայացվել է` կարեւորելով «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ի և Հայաստանում ու Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական հիմնադրամների ներքո գործող անկախ, շահույթ չհետապնդող, ինչպես նաև «Միացյալ համաշխարհային քոլեջների» կողմից իրականացվող կրթական ծրագրերը:

Հիշեցնենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցը կառուցվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Դպրոցի կառուցման համար Պարկից վարձակալվել է 67 հեկտար տարածք: Մասնագետները ահազանգում են, որ դպրոցի կառուցման տարածքը գտնվում է սողանքային գոտում:

Գերակա հանրային շահ ճանաչվել է Դիլիջանի քաղաքացի Սաթենիկ Սանթրոսյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի (հող և շինություններ) նկատմամբ: ՀՀ կառավարությունը որոշումը հիմնավորում է այսպես. «ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահից, քանի որ միջազգային դպրոցի կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, ծրագրի անխափան իրականացումը կապահովի 50 երկրից 650 աշակերտի ուսուցում, ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող լիարժեք ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման»:

Տարածքի ձեռք բերողն է «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ն, սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պետական լիազոր մարմինը Տավուշի մարզպետն է: Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2014թ. մայիսի 1-ն է:

Օտարվող սեփականության օբյեկտը գտնվում է կրթահամալիրի անմիջական հարևանությամբ:

17:24 Ապրիլ 03, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news