Կապսի ջրամբարի շինարարության համար վարկային պայմանագրի ստորագրումը նախատեսվում է սեպտեմբերին

Կապսի ջրամբարի շինարարության համար վարկային պայմանագրի ստորագրումը նախատեսվում է սեպտեմբերին

ԷկոԼուր

ՀՀ կառավարության եւ KfW գերմանական բանկի միջեւ Կապսի ջրամբարի վերականգնման համար վարկային պայմանագրի ստորագրումը նախատեսվում է սույն թվականի սեպտեմբերին։ Այս հարցը հունիսի 18-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննարկել է KFW բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերի հետ։ «Կողմերը հույս են հայտնել, որ արդեն այս տարվա սեպտեմբերին կստորագրվի համապատասխան վարկային պայմանագիրը, ինչը հնարավորություն կտա իրագործել մեր տնտեսության համար կարևոր այս ծրագիրը»,- տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: 

ՀՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետության եւ KfW բանկի միջև Կապսի ջրամբարի վերականգնման համար ֆինանսավորման համաձայնագրի նախագծին հավանություն է տվել դեռ 2013թ-ի օգոստոսի 8-ն։ Ծրագրի իրականացումը կարժենա 18,5 մլն եվրո:

Կապսի անավարտ ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Ախուրյան գետի վրա: Ջրամբարը պետք է ունենար 60 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն 1985թ. սկսված շինարարությունը դադարեցվել է 1993թ., երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի: Անավարտ շինությունը վտանգավոր է ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի և ենթակառուցվածքների համար: Միաժամանակ ջրամբարը կարող է նպաստել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը:

Նշենք, որ Կապսի ջրամբարը մեկն է այն 4 ջրամբարներից, որոնք ՀՀ կառավարության պնդմամբ՝ պետք է թեթեւացնեն Սեւանա լճի բեռը։ Դրանք են Մաստարայի, Վեդիի եւ Եղվարդի ջրամբարները։

14:47 Հունիս 19, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news