Ինչո՞ւ է Սեւանի ջուրը ողողել Ջրառատի տները, պատասխանում է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն

Ինչո՞ւ է Սեւանի ջուրը ողողել Ջրառատի տները, պատասխանում է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն

ԷկոԼուր

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը պատասխանել է ԷկոԼուրի նամակին` կապված Սեւանա լճից ջրի բացթողումների հետեւանքով ՀՀ Կոտայքի մարզի Ջրառատ գյուղում ստեղծված արտակարգ իրավիճակի հետ: ԷկոԼուրի նամակում գրված էր. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` սույն թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 18.00-ից, Սևանա լճից բաց է թողնվել 6 խ.մ/վ ջուր, իսկ ժ.15:00-ից՝ 8 խ.մ/վ ջուր, ինչից մասամբ ջրալցվել են Ջրառատ գյուղի տներից մի քանիսը: Մամուլում հրապարակված նյութերի համաձայն` վնասվել է բերքը, տուժել են գյուղացիները:

Սույն թվականի օգոստոսի 14-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Սևանա լճից ջրբացթողումները հասցնել մինչև 270 միլիոն խմ, ինչը պետք կատարվեր մինչև սեպտեմբերի 1-ը: Նշենք, որ այս որոշման հիմքում ընկած է Արարատյան ավազանի հողօգտագործողներին ոռոգման ջրով ապահովելը:

Խնդրում ենք տեղեկացնել`

  • կառավարության ո՞ր որոշմամբ է Սևանա լճից ջուր բաց թողնվել սեպտեմբերի 27-ին և ի՞նչ նպատակ էր հետապնդում այս ջրբացթողումը
  • ընդհանուր 2014թ-ին որքա՞ն ջուր է վերցվել Սևանա լճից
  • ո՞վ պետք է պատասխանատվություն ստանձնի գյուղացիներին վնաս պատճառելու համար»:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանը ներկայացնում ենք առանց մեկնաբանության.

«Ի պատասխան Ձեր 2014 թ. սեպտեմբերի 30-ի գրությամբ տեղեկացնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. օգոստոսի 14-ի N857-Ա որոշման (որի գործողության ժամկետը նախատեսված է մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը) Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի առավելագույն չափաքանակ է սահմանվել 270.0 մլն.խոր մետրը: Որոշմամբ նախատեսված ջրաքանակի սահմաններում մինչև 2014 թ. սեպտեմբերի 1-ը Սևանա լճից ոռոգման նպատակով վերցվել է 269.014 մլն.խոր.մ. ջրաքանակ:

Հաշվի առնելով Արզնի-Շամիրամ ջրանցքի սպասարկան տարածքում գտնվող ջրօգտագործողների կողմից ջրապահանջարկի խիստ անհրաժեշտությունը՝ օրենքով նախատեսված չափաքանակի շրջանակներում Սևանա լճից ջրի բաց թողնումն իրականացվել է Հրազդան գետի հունով, քանի որ Գեղամավան-Հրազդան էներգետիկ համակարգը եղել է նորոգման փուլում: Համաձայն ՀՀ արտարակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի դիտումների շարքի՝ Հրազդան գետով սեպտեմբերի 27-ից 30-ը բաց թողնված ջրի միջին հոսքը համապատասխանաբար կազմել է 109.0, 202, 188 և 120 հազ.խոր.մ: Նշված օրերին ընդհանուր ջրառը կազմել է շուրջ 620.0 հազ.խոր.մ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ակնկալվող վնասներից զերծ մնալու համար, Հրազդան գետի առափնյա բնակավայրերի բնակիչները ջրի բաց թողումների վերաբերյալ նախապես տեղեկացված են եղել: Ինչ վերաբերում է Ջրառատ գյուղի որոշ տների և տնամերձ հողերի ջրալցման երևույթին, ապա անհրաժեշտ է նշել, որ այն առաջացել է ոչ թե հեղեղումների արդյունքում, այլ այն պատճառով, որ որոշ շենքեր-շինություններ կառուցված են գետի հունի օտարման գոտում և ջրի մակարդակի բարձրացման պայմաններում այն հունից ներծծվում և ներթափանցում է հիշյալ տարածքներ:

Հարգանքով՝ Վ. Հակոբյան»:

13:31 Հոկտեմբեր 23, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news