ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունն այսուհետ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի մոնիթորինգ կիրականացնի ուլտրաձայնային հոսքաչափերով, որոնք նախարարությանը տրամադրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ, USAID): Հոսքաչափերի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ սույն թվականի փետրվարի 24-ին Արարատի մարզի Մասիսի շրջանի Սայաթ-Նովա համայնքում տեղակայված «Մասիսձուկ» ձկնային տնտեսությունում:
Հոսքաչափը շարժական սարքավորում է, որն աշխատում է ուլտրաձայնային մեթոդով: Երկու սենսորների մեջ անցնող ուլտրաձայնային ալիքը համապատասխան A սենսորից մինչև B սենսոր անցնելու ընթացքում հաշվարկ է կատարում և գումարային հաշվարկի ընթացքում ցույց տալիս՝ ինչքան է այդ պահին անցնող լիտր/վրկ ջրաքանակը:
«Անցյալ տարի մենք իրականացրել ենք Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ուսումնասիրություն: Արդյունքները ցույց են տվել, որ Արարատյան դաշտում օգտագործվող ջուրը շատ ավելին է, քան վերականգնվող պաշարները: Տարիների ընթացքում ջրօգտագործումը հիմնականում հավասարակշված էր՝ մինչև մեծ քանակությամբ ձկնաբուծարանների աշխատելը: Չնայած որ մենք գիտակցում ենք, որ Հայաստանում սա կարևոր բիզնես է և կարևոր եկամուտի աղբյուր, այնուամենայնիվ կարծում ենք, որ ջրօգտագործումը ձկնաբուծարաններում պետք է հավասարակշռվի: Այս հոսքաչափերի գնումը և հանձնումը բնապահպանության նախարարությանը ունի նպատակ` օգնելու իրականացնել ջրային ռեսուրսների մոնիթորինգ ձկնաբուծարաններում», - ասաց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը:
«Վերջերս մենք ընդունեցինք կլիմայի փոփոխության երրորդ ազգային զեկույցը: Այնտեղ թվերը բավականին մտահոգիչ են, հատկապես ջրային ռեսուրսների հեռանկարների մասով: Մինչև 2030 թվականը կանխատեսվում է, որ ջրային ռեսուրսների մակերևութային ծավալը կնվազի 12-15%-ով: Դա այն ազդանշանն է, որը մեզ ևս մեկ անգամ ասում է, որ մենք շատ լուրջ անելիքներ ունենք և պետք է ապահովենք մեր ունեցած ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը», - նշեց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ 2014 թվականին տեխնիկական զինվածության խնդիրներ են առաջացել Արարատյան դաշտում իրականացված աշխատանքների ընթացքում: «Մենք մեր աջակից դոնոր կազմակերպությունների հետ սկսեցինք համագործակցել և կիսվել մեր խնդիրներով: Առաջին արձագանքը ստացանք USAID-ի կողմից, որը պատրաստակամություն հայտնեց աջակցել մեզ լրացուցիչ չափող սարքերով, որը ավելի արդյունավետ կդարձնի մեր առօրյա դաշտային աշխատանքները: Ցանկացած տնտեսությունում, համաձայն պայմանագրերի, տարեկան չորս անգամ չափումներ են իրականացվում: Չափումները մշակվում են, համապատասխան հետևություններ են արվում, և, բնականաբար, երաշխիք են հանդիսանում խնայողաբար օգտագործման համար», - ասաց Խաչիկ Հակոբյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության Ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից նախարարությունը ստացել է երեք հոսքաչափ, որոնցից մեկը ստացել է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը, իսկ մնացած երկուսը՝ Հիդրոմոնիթորինգի կենտրոնը:
«Ջրօգտագործման թույլտվությունների տված ջրաքանակը և մոնիթորինգի տվյալները տեղադրվելու են ջրային կադաստրում, որը էլեկտրոնային կայքի միջոցով հասանելի է լինելու և հասարակությանը, և բոլոր շահագրգիռ մարդկանց», - ասաց Դավիթ Գրիգորյանը:
Փետրվար 24, 2015 at 16:34