Արգելոցում բեզոարյան այծ, հայկական մուֆլոն կամ ընձառյուծ որսալու տուգանքը 15 միլիոն դրամ է

Արգելոցում բեզոարյան այծ, հայկական մուֆլոն կամ ընձառյուծ որսալու տուգանքը 15 միլիոն դրամ է

ԷկոԼուր

«Խոսրովի արգելոցում 99.9 տոկոս որս գոյություն չունի: Արգելոցը 24.000 հեկտար բաց տարածք է, բոլոր տեղերից կարող են մարդիկ մտնել, 24 ժամ հերթապահություն ենք իրականացնում հատուկ ջոկատի և տեղամասային տեսուչների միջոցով: Հատուկ ջոկատն ունի զենք, մեքենաների խնդիր չունենք, հագուստի խնդիր չունենք», - լրագրողների հետ զրույցում վստահեցրեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Ռաֆիկ Պետրոսյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ վերջերս հենց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էր բարձրաձայնել, որ ռենջերներն ունեն լիազորությունների հետ կապված խնդիրներ, Ռաֆիկ Պետրոսյանն արձագանքեց. «Այո, եթե, ասենք, որսագող ենք բռնում, իրավասություն չունենք տեղում արձանագրություն կազմելու, պետք է բռնենք, հանձնենք պետական տեսչությանը: Իրենք են որոշում տուգանքի չափը, հաշվարկում կատարած վնասը: Օրինակ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն կամ ընձառյուծ որսալու համար տուգանքը կազմում է 3 միլիոն դրամ է, իսկ եթե հենց պետարգելոցի ներսում է, դառնում է 15 միլիոն դրամ»:

Որպես հիմնական խնդիր Ռաֆիկ Պետրոսյանը նշեց ռենջերների ցածր աշխատավարձը: «Մեկ աշխատակցին մոտ 1000-1200 հեկտար տարածք է ընկնում, պետք է լինում, մարդուն գիշերը հանում, գործի ենք կանչում: Աշխատավարձը շատ ցածր է, պրեմիայով մի 80.000 դրամ: Դա է հիմնական խնդիրը», - ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի լեռնային էկոհամակարգերը 283 տեսակի ողնաշարավոր կենդանիների և թռչունների, այդ թվում` կարմիրգրքյան կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, սև անգղի, կասպիական հնդկահավի, հայկական իժի ապրելավայր են։ Արգելոցում կենտրոնացած է Հայաստանի ֆլորայի տեսակների կեսից ավելին՝ մոտ 3500 տեսակ և Կովկասի ֆլորայի հարստության մոտ 1/3-ը՝մոտ 6000 տեսակ։

14:56 Մայիս 04, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news