«Ստեփանավանի անտառտնտեսությունում» բացահայտված կոռուպցիոն չարաշահումների և ապօրինի ծառահատումների դեպքով 18 անձի մեղադրանք է առաջադրվել

«Ստեփանավանի անտառտնտեսությունում» բացահայտված կոռուպցիոն չարաշահումների և ապօրինի ծառահատումների դեպքով 18 անձի մեղադրանք է առաջադրվել

ԷկոԼուր

«Ստեփանավանի անտառտնտեսության» անտառային տարածքներում իրականացված առերևույթ ապօրինի ծառահատումների, ինչպես նաև դրանցով պայմանավորված կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 18 անձ: Ինչպես հայտնում է ՀՀ դատախազությունը, մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի 1 պետական տեսուչի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի 3 մասնագետի, անտառտնտեսության 2 տնօրենի, 2 անտառապետի, 4 անտառապահիի փայտանյութի առքուվաճառքով զբաղվող և ծառահատում իրականացնող 6 անձի: Նրանցից 9-ին առաջադրվել են մեղադրանքներ ապօրինի ծառահատումներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով վնաս հասցնելու, իսկ մյուսներին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքներ կատարելու, կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդությունների համար: Նշված անտառտնտեսության մասնաճյուղում իրականացված ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 101.438.250 դրամի վնաս, որից կամովին վերականգնվել է մոտ 4 միլիոն դրամը:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսության» անտառային տարածքներում անտառտնտեսության գործունեության ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ:

Պարզվել է, որ ապօրինի անտառահատումները տեղի են ունեցել անտառապետերի, պահաբաժինների ղեկավար անձնակազմի և անտառահատումներ կատարող անձանց միջև հանցավոր համաձայնության արդյունքում: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ապօրինի ծառահատումները կատարվել են Ստեփանավան քաղաքում և հարակից գյուղերում փայտանյութի առուվաճառքով զբաղվող անձանց կողմից: Նախնական համաձայանության գալով հիմնականում անտառապետերի հետ` նրանց կամ անտառտնտեսության աշխատակիցների կողմից ներգրավված բանվորների միջոցով իրականացվել են ապօրինի ծառահատումները: Անտառապետերի կողմից նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնաճյուղի տնօրենի և տվյալ պահաբաժնի անտառապահի հետ: Բացի այդ՝ պարզվել է, որ ապօրինի ծառահատումների մի մասը կատարվել է նաև պահաբաժնի անտառապահների կողմից:

Շարունակվող նախաքննության ընթացքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

13:21 Հունիս 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news