«Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների դեպքերով մեղադրանք է առաջադրվել 20 պաշտոնատար անձի

«Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների դեպքերով մեղադրանք է առաջադրվել 20 պաշտոնատար անձի

ԷկոԼուր

«Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքերի բացահայտման արդյունքում բավարար ապացույցների հիման վրա տարատեսակ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել անտառային ֆոնդի պահպանության լիազորություններով օժտված 20 պաշտոնատար անձանց: Ինչպես հայտնում են ՀՀ դատախազությունից, մեղադրանք է առաջադրվել անտառտնտեսության տնօրենի մեկ տեղակալի, 2 անտառապետի, տարբեր տեղամասերի 17 անտառապահի: Նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծքիներ, պաշտոնեական անփութություն կատարելու համար:

Նշված սխեմատիկ կոռուպցիոն հանցավոր դրսևորումների, ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 1.6 միլիարդ դրամ:

Հիշեցնենք, որ «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ 2017թ. ապրիլի 18-ին Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության շրջանակներում բացահայտվել են 2016-2018թթ. ընթացքում «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ այլ դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր և միացվել վերոնշյալ քրեական գործին:

Պարզվել է, որ նշված ապօրինի անտառահատումները տեղի են ունեցել «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմի, անտառապետերի, անտառապահների կողմից՝ իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի, անտառահատման դեպքերը բացահայտելու, սահմանված ընթացակարգերը, իրենց պարտականությունները պատշաճ չիրականացնելու միջոցով: Մասնավորապես ապօրինի ծառահատումներ կատարված լինելու պայմաններում կազմվել են անտառային ֆոնդի պահապատասխան պահաբաժինների ընդունման-հանձնման կեղծ արձանագրություններ, ինչպես նաև ապօրինի ծառահատումների փաստերը թաքցնելու նպատակով չեն արձանագրվել ապօրինի հատված ծառերի կոճղերը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

18:39 Հունիս 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news