«Կոչ եմ անում անջատել սղոցները և միացնել միտքը». վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հաղարծինցիներին

«Կոչ եմ անում անջատել սղոցները և միացնել միտքը». վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հաղարծինցիներին

ԷկոԼուր

«Եկել է ժամանակը ցույց տալու, որ առանց անտառը հատելու կարելի է ավելի մեծ շահույթներ ստանալ: Կոչ եմ անում անջատել սղոցները և միացնել միտքը, ստեղծագործական գաղափարները և աշխատել նոր հնարավորություններից օգտվելու ուղղությամբ: Հաղարծինը պետք է դառնա նոր Հայաստանի առաջամարտիկներից մեկը», - հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղարծինի 200-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հաղարծինում իրականացվելու է 140 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհային նոր ծրագիր, որով կֆինանսավորվեն այն քաղաքացիները, որոնք մարզպետարան կներկայացնեն իրատեսական և նորարարական բիզնես ծրագրեր, այդ թվում՝ զբոսաշրջության և բնապահպանության ոլորտներում: Համայնքի ղեկավարին գործադիրի ղեկավարը կոչ է արել նաև կապ հաստատել արտերկրում գտնվող և հաջողությունների հասած հաղարծինցիների հետ և նրանց հրավիրել ներդրումներ կատարելու հայրենի գյուղում, ստեղծելու նոր աշխատատեղեր և ստանալու շահույթներ:

Նշենք, որ ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի հարևանությամբ: Պահպանման խիստ ռեժիմի արդյունքում գյուղը չի կարողանում օգտվել անտառից: Ազգային պարկ-բնակիչներ կոնֆլիկտը հատկապես սրանում է ձմռան նախաշեմին: Հաճախ հաղարծինցիները հարևան գյուղերի բնակիչների հետ փակում են ճանապարհը` պահանջելով թույլ տալ իրենց օգտվել անտառի փայտից: Գյուղացիներին դեպի անտառ տանում են սոցիալական դժվարությունները, հոսանքի և գազի թանկ սակագները, այլընտրանքի բացակայությունը:

 

17:21 Օգոստոս 13, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news