Ինչու Արփա-Սևան թունելով ջուր չի հոսում Սևանա լիճ, պատասխանում է Ջրային կոմիտեն

Ինչու Արփա-Սևան թունելով ջուր չի հոսում Սևանա լիճ, պատասխանում է Ջրային կոմիտեն

ԷկոԼուր

«Արփա-Սևան թունելով տեխնիկապես հնարավոր է Սևանա լիճ ջուր տեղափոխել, սակայն Արփա և Եղեգիս գետերում ջրի հոսքի նվազմամբ պայմանավորված և Կեչուտի ջրամբարից սնվող հողատարածքների ոռոգման ջրապահանջի ապահովման անհրաժեշտությունից ելնելով, որոշում է կայացվել ս.թ. հուլիսի 21-ից դադարեցնել Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխումը դեպի լիճ՝ ջրամբարում ոռոգման նպատակով ջուր պաշարելու համար»: Այս մասին նշված է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի՝ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանին ուղղված նամակում: Ջրային կոմիտեն նաև տրամադրել է Կեչուտի ջրամբարից Վայքի տարածաշրջանի ինքնահոս ոռոգման և Եղեգնաձորի ոռոգման համակարգերով ոռոգման նպատակով բաց թողնված ջրի ծավալների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

ՀԲՃ-ն Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին նամակով խնդրել էր տեղեկացնել՝

1. Կեչուտի ջրամբարից 2010-2018 թթ-ի ընթացքում ոռոգման նպատակով բաց թողված ջրաքանակները յուրաքանչյուր տարվա համար՝ նշելով նաև, թե որ ոռոգման ջրագծերով կամ ջրանցքներով են բաց թողնվել դրանք։

2. Հնարավորության դեպքում նշել նաև այդ տարիների ընթացքում ամսական կտրվածքով ինչ ջրաքանակներն են բաց թողնվել։

3. Արդյո՞ք հիմա տեխնիկապես հնարավոր է նորից վերսկսել ջրի տեղափոխումը Սևանա լիճ Կեչուտի ջրամբարից՝ հաշվի առնելով Արարատյան դաշտում ոռոգման ջրի պահանջարկը։

«Քանի որ Սևանա լճից ջուր վերցնելու հարց կար, դեռ հուլիսի 31-ին առաջարկել էինք Ջրային կոմիտեին նորից վերսկսել Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխումը։ Ստացված պատասխանից պարզվում է, որ չեն կարող այդ անել։

Վերջին 8 տարվա ընթացքում Կեչուտի ջրամբարից ոռոգման նպատակով բաց է թողնվել 618 միլիոն խմ ջուր։ Արդյո՞ք այդ ամբողջ քանակությունը բաց է թողնվել իսկապես միայն ոռոգման համար, թե սպասարկվել է նաև փոքր ՀԷԿ-երի շահերն ու դրանց պահանջարկը։ Փորձելու ենք պարզել այս հարցը», - ֆեյսբուք սոցիալական ցանցում Ջրային կոմիտեի պատասխանը մեկնաբանել է Լևոն Գալստյանը։

 

15:29 Օգոստոս 29, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news