Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարների ազատման հրամանագրերը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարների ազատման հրամանագրերը

ԷկոԼուր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, հոկտեմբերի 3-ին ստորագրել է «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարների ազատման հրամանագրերը: Այսպիսով, իրենց պաշտոններից ազատվեց 6 նախարար՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նախարարների՝ պաշտոններից ազատման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր այս գիշեր՝ Բաղրամյան պողոտայում հրավիրված հավաքի ժամանակ: Բացի այդ, վարչապետը հայտնել էր, որ կառավարության առաջիկա նիստին աշխատանքից կազատվեն նաև ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող մարզպետները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայներով ընդունեց «Հանրապետական» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների նախաձեռնած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։ Դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Օրինագծին կողմ քվեարկած պատգամավորներին և քաղաքական ուժերին Նիկոլ Փաշինյանն անվանեց հակահեղափոխականներ: Ըստ նրա՝ օրինագիծն արհեստական խոչընդոտ է ստեղծում Ազգային ժողովի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, որոնք պետք է տեղի ունենան 2018 թ-ի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:

Ստեղծված իրավիճակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հեռախոսազրույցներով քննարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: ԱԺ-ի կողմից ընդունված օրինագծին Արմեն Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ: Նախագահը հորդորել է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում:

Լուսանկարը՝ Infographics.am

14:10 Հոկտեմբեր 03, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news