
ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տեղեկատվությունը ԷկոԼուրի հետ զրույցում հաստատեց Միքայել Մանուկյանի օգնական, մամուլի գծով պատասխանատու Լուսինե Հակոբյանը: Վերջինս չնշեց, թե որն է հրաժարականի պատճառը։
Նշենք, որ Միքայել Մանուկյանը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ է: Հոկտեմբերի 2-ի Ազգային ժողովի արտահերթ նիստից հետո, երբ ընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց օրինագծին կողմ քվեարկած ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարների և մարզպետների՝ պաշտոններից ազատման մասին: 6 նախարարի ազատման հրամանագրերն արդեն ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մարզպետների հարցը կքննարկվի կառավարության առաջիկա նիստին: ԲՀԿ-ն ներկայացնող Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը և ՀՅԴ-ն ներկայացնող Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը իրենք են հրաժարականի դիմումներ ներկայացրել:
15:18 Հոկտեմբեր 03, 2018