Քրեական գործ՝ ապօրինի խողովակների միացմամբ ջրամատակարարում իրականացնելու փաստի առթիվ

Քրեական գործ՝ ապօրինի խողովակների միացմամբ ջրամատակարարում իրականացնելու փաստի առթիվ

ԷկոԼուր

Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Մխչյան-Հովտաշեն կամրջի տակ ոռոգման ջրի խողովակաշարի վրա ապօրինի միացման մի քանի կետի հայտնաբերման առթիվ: Ապօրինի գործունեությանը հանցակից են պաշտոնատար անձիք, իսկ պետությանը հասցվել է ավելի քան 10 միլիոն դրամի վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում նշված է.
«ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (ՀՀ ԷԵԲՊ) ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ հաշվեկշռում գտնվող Մխչյան 1-ին և 2-րդ աստիճանի պոմպակայանների մղման խողովակաշարերից ապօրինի միացման միջոցով դեպի «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շուրջ 26 հա հողատարածքներ ջրամատակարարում է իրականացվել: Այդ մասին տեղյակ են եղել «Արտաշատ» ՋՕ ընկերության աշխատակիցները, որոնք ունեցել են ոռոգման ջրի նպատակային ու արդյունավետ օգտագործման և իրականացրած ծառայությունների դիմաց գումարներ գանձելու պարտավորություն, ինչը չեն կատարել՝ դրանով իսկ դրդել են «Ջրառ» ՓԲԸ պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցներին իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն և ծառայողական պարտականությունները չկատարելուն, այն է՝ տեղյակ լինելով ընկերության հաշվեկշռում գտնվող Մխչյան 1-ին և 2-րդ աստիճանի պոմպակայանների մղման խողովակաշարերից խողովակների միացման ապօրինի և հիդրոտեխնիկական նորմերի տեսանկյունից անթույլատրելի լինելու մասին` ժամանակին և պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել դրանք ապամոնտաժելու ուղղությամբ: Արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառվել է մոտ 10.772.794 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցավոր արարքների հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ, Պետական վերահսկողական ծառայությունից ստացված ահազանգի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է Արարատի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

17:32 Նոյեմբեր 14, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news