«Հայանտառ»-ը վառելափայտ է տրամադրել «Շիկահող» արգելոցին հարակից գյուղերի ընտանիքներին, դպրոցներին ու մանկապարտեզին

«Հայանտառ»-ը վառելափայտ է տրամադրել «Շիկահող» արգելոցին հարակից գյուղերի ընտանիքներին, դպրոցներին ու մանկապարտեզին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2300 խմ վառելափայտ է տրամադրել «Շիկահող» պետական արգելոցին հարակից Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղերի բոլոր ընտանիքներին, դպրոցներին ու միակ մանկապարտեզին: ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ տրամադրված վառելափայտը Կապանի անտառտնտեսության թափուկներն են և ընկած ծառերը: Յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել է 8 խմ վառելափայտ: «Շիկահող» արգելոցին հարակից Ծավ համայնքին վառելափայտի հատկացումը կավարտվի մինչև տարեվերջ։

Վառելափայտը տրամադրվել է բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Նույն ծրագրի շրջանակներում օրերս «Արևիք» ազգային պարկի անտառային տարածքների վրա հարակից համայնքների ճնշումը նվազեցնելու համար «Ռանգէ» ՍՊԸ-ից ձեռք է բերվել շուրջ 70 տոննա վառելիքային բրիկետ` ՀՀ Սյունիքի մարզի բարձրլեռնային Լիճք և Տաշտուն բնակավայրերի տնային տնտեսություններին և դպրոցին անվճար մատակարարելու նպատակով:

Բրիկետների առաջին խմբաքանակի՝ 20 260 կգ-ի բաշխումն իրականացվել է 2018թ․ նոյեմբերի 27-ին, Տաշտուն բնակավայրում:

Նախաձեռնության հաջող ընթացքի դեպքում, համաձայն Բնապահպանության նախարարության, Մեղրի համայնքի և «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի գրասենյակի միջև ձեռք բերված պայմանավորվածության, կդիտարկվեն նաև համայնքների ձմռան վառելիքի ողջ պահանջարկը բավարարելու հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագիրն իրականացվում է հինգ տարի ժամկետով՝ համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով: Գերմանական կողմի ներդրումը կազմում է 8,25 մլն եվրո։

Լուսանկարը` ՀՀ բնապահպանության նախարարության

14:27 Դեկտեմբեր 07, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news