Տավուշում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. հավանական պատճառը կապտաժի և ջրատարի աղտոտումն է

Տավուշում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. հավանական պատճառը կապտաժի և ջրատարի աղտոտումն է

ԷկոԼուր

Ապրիլի 18-ի դրությամբ Բերդի բժշկական կենտրոնում աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) հոսպիտալացված է Նավուր համայնքի 25 բնակիչ, որից 20-ը մինչև 18 տարեկան են: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հիվանդների մոտ ախտորոշվել է աղիքային վարակ: Նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդների մեծամասնությունն օգտվում է միևնույն ջրատարի 2 կապտաժներից, որից մեկը գտնվում է խիստ անբավարար սանիտարատեխնիկական վիճակում՝ չկա սանիտարապաշտպանիչ գոտի, խախտված է կառույցի հերմետիկությունը, կապտաժի շրջակայքում անձրևներից առաջացած ջրափոսերն աղտոտված են կենդանիների արտաթորանքներով: Ստացված տվյալների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը կապտաժի և ջրատարի աղտոտումն է:
Ներկայումս ջրատարից ջրամատակարարումը դադարեցված է, աշխատանքներ են տարվում կապտաժի և ջրատարի ախտահանման ուղղությամբ:

Աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ:

16:35 Ապրիլ 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news