Գեղարքունիքի մարզի զարգացման գերակա ուղղություն են ընտրվել գյուղատնտեսությունը, տուրիզմը և վերականգնվող էներգետիկան

Գեղարքունիքի մարզի զարգացման գերակա ուղղություն են ընտրվել գյուղատնտեսությունը, տուրիզմը և վերականգնվող էներգետիկան

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի համար որպես զարգացման գերակա ուղղություն են ընտրվել գյուղատնտեսությունը, տուրիզմը և վերականգնվող էներգետիկայի արտադրությունը:
Տնտեսության այս ճյուղերի զարգացման գործում Հայաստանի և արտերկրի ներդրողների ներգրավելու նպատակով Գեղարքունիքի մարզում այսօր անցկացվում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնավորապես ասաց. «Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզն իր սրտում կրում է Սևանա լիճը, մեր մարզում տնտեսության ոչ բոլոր ճյուղերն է, որ պետք է զարգացնել: Ուստի մենք հատկապես առաջնություն ենք տվել գյուղատնտեսության, զբոսաշրջությանը և այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը: Եվ այսր մեր համաժողովը հիմնականում նվիրված կլինի այդ 3 ոլորտներին:

Գյուղատնտեսության համար անչափ կարևոր է մեր մարզի 345 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, և մենք կարող ենք զարգացնել հատկպես էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրությունը: Նորից երկրագնդի վրա մեծանում է մաքուր սերնդի, էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների դերը: Եվ մեր մարզը բոլոր նախադրյալներն ունի վերածվելու էկոմարզի, որպեսզի և մաքուր սնունդ արտադրենք և մեր Սևանի բնապահպանական խնդիրները հաշվի առնենք:
Տուրիզմի առումով Սևանի հնարավորությունները հսկայական են, բայց մարզի տուրիստական հնարավորությունները միայն Սևանով չի սպառվում: Մենք ունենք 10 000-ից ավելի պատմաճարտարապետական և բնական հուշարձաններ:

Վերականգնվող էներգետիկայի առումով Հայաստանի 10 մարզերի մեջ ամենամեծ արևային պոտենցիալ ունեցող մարզը Գեղարքունիքն է: Քամու առումով քանի որ մարզը 4 կողմից շրջափակված է լեռներով, լեռնանցքներով, քամու բավական մեծ պոտնցիալ ունենք, և ես համոզված եմ, որ տարիներ անց Գեղարքունիքը ծածկված է լինելու արևային վահանակներով և հողմակայաններով»:

Համաժողովին մասնակցում է 110 գործարար, այդ թվում 72 գործարար՝ արտերկրից: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Գեղարքունիքում իրականացվող բիզնես ծրագրերը:

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում:



Մայիս 11, 2019 at 13:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր