Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց Վազաշենում բազմամետաղներ որոնելու հայտին

Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց Վազաշենում բազմամետաղներ որոնելու հայտին

ԷկոԼուր

«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Տավուշի մարզի Վազաշեն համայնքի տարածքում բազմամետաղներ որոնելու նախագիծը չի իրականացվի:

Բնապահպանության նախարարությունը մայիսի 10-ին բացասական եզրակացություն է տվել Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախագծին հետևյալ հիմնավորմամբ. «Երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող տարածքի մեծ մասը՝ համաձայն ներկայացված կոորդինատների, գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-հողային հաշվեկշռում և իրենից ներկայացնում է տարբեր ծառատեսակներից կազմված բոնիտետային դասի ծառուտներ: Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում կանխատեսվում է օգտակար հանածոյի արդյունահանում, ինչն անտառային հողերում նպատակահարմար չէ: Նշվածի համար հիմք է հանդիսանում նաև 2015 թ. սեպտեմբերի 10-ի «Մինչև 2050 թ. երկրի անտառապատվածությունը ներկայիս 11.2 % հասցնել օպտիմալ 20.1%-ի» ՀՀ կառավարության N41 արձանագրային որոշմամբ ստանձնած պարտավորությունը»:

Բացասական եզրակացության համար հիմք է հանդիսացել նաև ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ հաստատված «Տավուշի մարզի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» փաստաթուղթը, ըստ որի՝ հայցվող տարածքում հանքարդյունաբերությունն ամրագրված չէ: Որպես հեռանկարային զարգացման ուղղություն նախատեսվում է զարգացնել ագրոարդյունաբերական համալիրի ձևավորումը, գյուղատնտեսությունը և ռեկրեացիոն ոլորտը (հիմնականում տուրիզմը):

14:34 Մայիս 31, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news