Հնարավոր է` Արարատյան դաշտում ձկնաբուծարանների հետադարձ ջրերը ոռոգման համար օգտագործելու համակարգեր ներդվեն

Հնարավոր է` Արարատյան դաշտում ձկնաբուծարանների հետադարձ ջրերը ոռոգման համար օգտագործելու համակարգեր ներդվեն

ԷկոԼուր

Եվրամիության հետ նախնական համաձայնություն է ձեռքբերվել և ծրագրային առաջարկ է ներկայացվել Արարատյան դաշտում գույքագրված հորերի կոնսերվացման և լուծարման աշխատանքների (690 մլն դրամի) և ՝ ձկաբուծարանների օգտագործած ջրերը ոռոգման համար օգտագործելու համակարգեր ներդնելու համար (մոտ 2 մլրդ դրամի դրամաշնորհային միջոցներ)։ Այս մասին օրերս հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Շրջակա միջավայրի օրվան նվիրված ասուլիսի ժամանակ:

«Արարատյան արտեզյան ավազանի հետ կապված ցանկանում եմ տեղեկացնել, որ խնայվել է 700 լ վրկ/ջուր, որը տարեկան մոտավորապես 20-30 միլիոն ջրածավալ է: Որևէ նոր ջրօգտագործման թույլտվություն ձկնաբուծության համար չի տրվել այս ժամանակահատվածում: Ավելին, ծրագրային առաջարկ է ներկայացվել Եվրամիությանը, որը նախնական համաձայնություն ունի: Ծրագրով նոր լուծումներ կլինեն, թե՝ 1 լ/վրկ ջրով որքան ձուկ նվազագույնը պետք է աճեցվի, և այդ գործողությունների արդյունքում այս ոլորտը կկարգավորվի: Իսկ այն բոլոր դեպքերը, որտեղ տեսել եք հնարավոր կոռուպցիոն կամ իրապավապահ մարմինների հետ առնչվող ռիսկեր, այդ բոլորը մենք փոխանցել ենք այդ մարմիններին, ուսումնասիրությունները կատարվում են», - նշեց նախարարը:

Ներկայումս ձկնաբուծարանների հետադարձ ջրերով ոռոգում իրականացվում է Արմավիրի մարզի Սայաթ-Նովա համայնքում՝ 60 հա-ի վրա և հնարավոր է դարձել ոռոգել Հայանիստի 40 հա հողերը: Աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ-ի և Գլոբալ ԷկոլոգիականՀիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի և «Շրջակա միջավայրի հետազոտությունների և ԱՏՀ կենտրոն» (ՇՄՀԱՏՀԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացված ծրագրի շնորհիվ:

 Վերջին 10-15 տարիների ընթացքում Էջմիածնի և Մասիսի տարածաշրջաններում բացված խոշոր ձկնաբուծարանների գործունեության արդյունքում էապես գերազանցվել է ջրային պաշարների օգտագործման թույլատրելի սահմանը, վտանգվել է ստորերկրյա ջրերի բնականոն վիճակը, իսկ բնակչության համար` ստեղծվել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ։

Հիշեցնենք, որ ԷկոԼուրի կողմից փետրվարին կազմակերպված Բնապահպանական հանրային դատարանի՝ «Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների պաշարի հաշվեկշռի խախտման վերաբերյալ» բնապահպանական հանրային գործի վերաբերյալ վճռի կետերից էր. «Մշակել և ներդնել ձկնաբուծական տնտեսություններից հեռացվող ջուրը ոռոգման նպատակներով օգտագործման համակարգ, կամ ջրօգտագործման շրջանառության համակարգ»:

17:34 Հունիս 12, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news