Հանքարդյունաբերող ընկերությունների հետ քննարկվել են Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հեռանկարները

Հանքարդյունաբերող ընկերությունների հետ քննարկվել են Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հեռանկարները

ԷկոԼուր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ս.թ. հունվարի 20-ին պետական կառույցների և հանքարդյունաբերող ընկերությունների հետ քննարկվել են Հայաստանում պղնձարդյունաբերության կազմակերպման գործընթացներին, պղնձաձուլարանի կառուցման հեռանկարներին վերաբերող հարցերը:

Հանդիպմանը մասնակցել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատ», «Վալեքս Գրուպ», «Թեղուտ», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունների պատասխանատուներ, ներկայացուցիչներ ՀՀփոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, էկոնոմիկայի, շրջական միջավայրի, արտակարգ իրավիճակների նախարարություններից, պետական եկամուտների կոմիտեից։

«Պղնձի արտադրության մետալուրգիական ձեռնարկության շահագործումը մեծ դեր կխաղա հանրապետության տնտեսության զարգացման համար, կստեղծի համախառն ներքին արդյունք, սակայն, միևնույն ժամանակ, դա բարձր ռիսկայնություն է պարունակում։ Մետալուրգիական գործարանի կառուցման համար պետք է կատարվեն խոր ու համապարփակ ուսումնասիրություններ, մշակվեն տեխնիկատնտեսական լուրջ հիմնավորումներ, և շատ կարևոր է, որ այդ ամենը կազմակերպվի գրագետ, նախնական ուսումնասիրություններից և բոլոր հարցերին պատասխանելուց հետո», - նշել է ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:

Հանդիպմանը քննարկվել է ծրագրի վերաբերյալ վերլուծության անցկացման ձևաչափի և այդ աշխատանքներում պետության և մասնավոր ընկերությունների մասնակցության հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերությունները երկշաբաթյա ժամկետում նախարարություն ներկայացնեն իրենց կողմից դիտարկվող խնդիրների և ռիսկերի ամբողջական փաթեթը, ինչպես նաև իրենց դիրքորոշումը լրացուցիչ ուսումնասիրություններ պատվիրելու պատրաստակամության և հնարավորությունների վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքը: 

11:24 Հունվար 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news