Ապօրինի անտառահատումները շարունակվում են

Ապօրինի անտառահատումները շարունակվում են

ԷկոԼուր 

Ապրիլի 17-21-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել են ապօրինի անտառահատումների դեպքեր: Ոստիկաններն առանց փաստաթղթերի փայտանյութ են հայտնաբերել Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակչին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայում: Ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ վարորդը հայտնել է, որ ձեռք է բերել Արծվաբերդի անտառտնտեսության տարածքից: Ապրիլի 20-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել են Այգեձոր գյուղի բնակչի կողմից մթերված փայտանյութ, իսկ ապրիլի 21-ին՝ Նավուր գյուղի հանդամասում Բերդ քաղաքի մեկ այլ բնակչի` փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:

Հիշեցնենք, որ օրերս էր ահազանգ տարածվել Արծվաբերդում ապօրինի ծառահատումների մասին:

Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում էլ ոստիկանները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի մի բնակչի` փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Փայտանյութով բարձված մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ապօրինի ծառահատման դեպքեր արձանագրել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Ապրիլի 21-ին և 22-ին «Լալվարի» անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ծառահատման 31 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ոստիկանության համապատասխան բաժին։

15:31 Ապրիլ 27, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news