Մետաղական ընդերքօգտագործողները և բնապահպանական վճարների հանդեպ նոր օրենսդրական պահանջները

Մետաղական ընդերքօգտագործողները և բնապահպանական վճարների հանդեպ նոր օրենսդրական պահանջները

ԷկոԼուր

Մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովը քննարկեց «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծով առաջարկվում է մետաղական հանքերի ընդերքօգտագործման իրավունք ունեցող բոլոր ընկերությունների վճարած բնապահպանական վճարներից մասհանումներ կատարել, որոնք կուղղվեն ազդակիր համայնքներում բնապահպանական ծրագրերի իրականացմանը: Ըստ օրինագծի հիմնավորման՝ ներկայումս մետաղական հանքաքար արդյունահանող 26 ընկերություններից միայն 5-ի կողմից վճարվող բնապահպանական հարկից են մասհանումներ կատարվում: «Անկողմնակալության սկզբունքից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման գործունեությունը շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնելու տեսակետից ավելի ռիսկային է, և որ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ ու օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար՝ նպատակահարմար է, որ մասհանումներ կատարվեն մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական հարկերից: Իսկ այլ ընկերությունների ցանկը նախագծով նախատեսվում է, որ սահմանի ՀՀ կառավարությունը՝ հաշվի առնելով դրանց հետ կապված մշտական փոփոխություները»,- նշված է օրինագծի հիմնավորման մեջ: Ինչպես նաև նշվում է, որ օրինագծի ընդունումը մեծ բեռ չի առաջացնի պետական բյուջեի համար: «Նշված ընկերությունների կողմից 2016-2018թթ. հաշվարկված բնապահպանական հարկերի վերաբերյալ տեղեկությունը կից ներկայացվում է (ստացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից): Ըստ այդ տեղեկության՝ սույն օրենքով սահմանված թվով 5 ընկերությունների բնապահպանական վճարներն, ըստ տարիների, համապատասխանաբար կազմել են 25,431.4 հազ. դրամ, 37,906.8 հազ. դրամ եւ 46,907.6 հազ. դրամ, իսկ բոլոր ընկերությունների մասով համապատասխանաբար՝ 27,323.4 հազ. դրամ, 41,210.8 հազ. դրամ եւ 49,319.6 հազ. դրամ: Տարբերությունները կազմել են՝ 1,892.0 հազ. դրամ, 3,304.0 հազ. դրամ եւ 2,412.0 հազ. դրամ: Այսինքն, նախագծի ընդունման դեպքում՝ նշված բնապահպանական հարկերից պետական բյուջեից հատկացվող մասհանումների ավելացումը պետական բյուջեի վրա էական ազդեցություն չի գործում, սակայն դրանք համապատասխան համայնքների համար կազմում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ և չի դիտարկվում խտրական մոտեցում»:

Ազգային ժողովում օրինագիծը ներկայացնելով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանն ասաց. «Կունենանք ավելի ընդլայնված ընկերությունների ցանկ և ավելի ընդլայնված ազդակիր համայնքներ՝ որպես այդ գումարի շահառուներ։ Հաջորդ փոփոխությունը մասնհանումների փաստացի իրականացման, փոխանցման հետ կապված խնդրի լուծմանն է ուղղված։ 2018 թ․ Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո պարզ դարձավ, որ տեխնիկապես հնարավոր չէ հաշվարկներ կատարել և փոխանցել, քանի որ օրենքով սահմանված էր, որ մասհանումներ պետք է իրականացվեին փաստացի կատարված վճարումներից, ինչը հնարավոր չէր միասնական հաշվի դեպքում տարանջատել։ Առաջարկում ենք, որ այդ հաշվարկները կատարվեն ոչ թե փաստացի վճարվածներից, այլ՝ հաշվարկված գումարներից։ Սրա արդյունքում վերջին երկու տարիների ընթացքում համայնքների կողմից չստացված գումարները հնարավոր կլինի ստանալ»։

Օրինագծի համաձայն՝ ըստ համայնքների կամ բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկումն իրականացվելու է Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

«Կսահմանվի այն կարգը, որով մի քանի ազդակիր համայնք ունենալու դեպքում համապատասխան բաշխման կանոնները կգործեն և ավելի հստակ կլինի ամեն ինչ։ Մենք Կառավարությանն իրավասություն չենք տալիս, որ նա որոշի տվյալ համայնքին մասհանում հասնում է, թե՝ ոչ։ Խոսքը բաշխման մասին է։ Եթե խոսքը մի քանի ազդակիր համայնքների առկայության մասին է, ապա համապատասխան կարգ պետք է լինի, թե ինչպես է հասանելի գումարը բաշխվում, օրինակ՝ 60 տոկոս մի համայնքին, 40 տոկոս՝ մյուս համայնքին։ Այսօր այդ բաշխումը իրականացվում է, սակայն մենք առաջակում ենք, որ դա լինի հստակ սկզբունքներով, չափանիշներով և կարգով սահմանված»,- ասաց փոխնախարարը։

Ըստ Լիլիա Շուշանյանի՝ փոփոխություններից մեկն էլ ուղղված է տեղական ժողովրդավարության վերականգնմանը․ «Քանի որ այդ գումարները տրամադրվում են սուբվենցիոն նպատակային ծրագրերի համար, առաջարկում ենք, որ համայնքի ղեկավարները նախապես ծրագրերը հրապարակեն իրենց համայնքապետարանի կամ մարզպետարանի կայքերում և հետագայում հաշվետվություններ ներկայացնեն սահմանված ձևաչափով»։

Նշենք, որ օրինագծի համաձայն՝ ի լրումն բոլոր մետաղական օգտակար հանածո արդյունահանելու թույլտվություն ունեցող ընկերությունների, այն տարածվելու է նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Արարատցեմենտ», «Միկա-ցեմենտ», «Հրազդանի ՋԷԿ», «Երեւանի ՋԷԿ», «Գաջեգործ», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Նաիրիտ» գործարան եւ «Գաջ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, «Մաքուր երկաթ», «Ասկե-Գրուպ» եւ Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների բնապահպանական հարկերի վրա:

18:12 Մայիս 05, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news