Հրապարակվել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը կփոխարինի 2007թ-ին ընդունված ռազմավարությանը: Նոր ռազմավարությամբ էներգետիկայի ոլորտում Հայաստանը ձգտելու է ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգի կայացմանը, չեզոքացնելու կախվածությունը հեղուկ և գազային վառելիքի ներկրումներից, հետամուտ է լինելու նոր միջուկային բլոկների կառուցմանը, էներգետիկ ոլորտը զարգացնելու է՝ հենվելով վերականգվող էներգետիկ պաշարների վրա, նպատակաուղղված ջանքեր է գործադրելու տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հանգույց դառնալու ուղղությամբ: Ոլորտի վերաբեյալ ռազմավարության մեջ նշված է.
«Հայաստանի էներգետիկ անկախության ու էներգետիկ անվտանգության ապահովումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է: Մենք ձգտելու ենք ինքնաբավ, արտահանմանը միտված, բարձր հուսալիությամբ և ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ զինված, արդիական ենթակառուցվածքներով էլեկտրաէներգետիկ համակարգի կայացմանը:
Մեր էներգետիկ քաղաքականությունը միտված է չեզոքացնելու ոլորտի առջև ծառացած սպառնալիքները. կախվածությունը հեղուկ և գազային վառելիքի ներկրումներից, տարանցիկ ենթակառուցվածքների հնարավոր խափանումները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը և տարածաշրջանային ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու փորձերը:
Հայաստանը կշարունակի աշխատել էներգակիրների մատակարարման եղանակների և ուղիների բազմազանեցման ուղղությամբ՝ գործընկեր պետությունների հետ էներգետիկ փոխգործակցությունը խորացնելու և էներգետիկ համակարգերն ինտեգրելու միջոցով:
Որպես հեռահար նպատակ՝ Հայաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրելու տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հանգույց դառնալու ուղղությամբ՝ կապելով հարևան երկրների էներգահամակարգերը և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան:
Էներգետիկ համակարգի զարգացման և բազմազանեցման ճանապարհին մենք հենվելու ենք տեղական առաջնային (վերականգնվող) էներգետիկ պաշարների` բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան, տնտեսապես արդյունավետ և ողջամիտ օգտագործման, էներգիայի ստացման և կուտակման այլընտրանքային տեխնոլոգիաների, էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման, ինչպես նաև էներգաարդյունավետ ու էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման վրա:
Էներգետիկ անկախության և անվտանգության ապահովման համատեքստում մենք նաև հետամուտ ենք լինելու ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով զարգացմանը, մասնավորապես՝ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցմանը»:
Հուլիս 10, 2020 at 17:53