Pastinfo.am
ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Հ.Սարդարյանը միջնորդագիր է հղել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա.Հարությունյանին՝ որսագողության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ի հայտ բերված հանցագործություններ ծնող պատճառների, պայմանների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտության վերաբերյալ:
Քննիչը, մասնավորապես, միջնորդել է միջոցառումներ ձեռնարկել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում (ինչպես նաև «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամների ու բնապահպանների հիշատակած մյուս վայրերում) որսն արգելված վայրի կենդանիների ու ձկնատեսակների պահպանության հուսալի պայմաններ ապահովելու և որսագողության դեպքերն իսպառ վերացնելու ուղղությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամասում և հարակից տարածքներում Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված, որսն ամբողջովին արգելված կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի և վայրի այլ կենդանիների սիստեմատիկաբար իրականացված խմբակային որսագողության վերաբերյալ գործը, որի հարուցման հիմք է հանդիսացել «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, բնապահպան-ակտիվիստներ Եղիա Ներսիսյանի և Մարիամ Սուխուդյանի «Խոսրովի արգելոցի» Կաքավաբերդի տեղամասում իրենց հերթական արշավի ժամանակ` 25.09.2012թ., բեզոարյան այծի ու արջի գլուխ, սպանված նապաստակի մորթի և որսագողության այլ հանցանշաններ հայտնաբերելու փաստը (նաև արձանագրել են ոգելից խմիչքի շշեր, խարույկի մնացորդներ, մետաղալարից պատրաստված ինքնաշեն թակարդ՝ ամրացված ծառի բնին, որի ճյուղերն ու կեղևը թակարդն ընկած արջի պայքարի հետևանքով վնասված, կոտրված են եղել):
Քննիչը նախարարի ուշադրությունն է հրավիրում այն իրողության վրա, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը կողմնակի անձանց մուտքն արգելված տարածքների պահպանության խնդիրների լուծման բնագավառում թույլ է տվել էական թերություններ ու բացթողումներ: Դրա հետևանքով չի ապահովվել վայրի կենդանիների ու գետային իշխանի պատշաճ պահպանությունը՝ ամբաստանյալ Նորիկ Սարգսյանն ու մյուսները տևական ժամանակահատվածում, անարգել մուտք գործելով արգելոցի պահպանվող տարածքներ, ոչնչացրել են վերացման եզրին գտնվող կենդանիներ ու կարմրախայտ ձուկ:
Ըստ Հ.Սարդարյանի, ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ծառայություններն իրենց հերթին բավարար հսկողություն չեն իրականացրել և չեն լուծել հրատապ խնդիրները: Այսպես, քննությամբ պարզվել է, որ արգելոցի Կաքավաբերդի տեղամասում աշխատում է 8 անձ (պետ, պահաբաժնի և որս-տեսուչներ, ուղեփակոցի տեսուչ): Տեղամասի պետի աշխատավարձը 55.000 դրամ է, տեսուչներինը` 41.500 դրամ: Տեսուչներից յուրաքանչյուրի պահպանությանն հանձնված տարածքը կազմում է 850-ից 1000 հեկտար, որի մի ծայրից մյուսը ոտքով հասնելու համար շաբաթներ են պահանջվում, այն դեպքում, երբ տեսուչների պարտավորությունների մեջ մտնում է տարածքի ապահովումը որսագողերից, ծառհատներից, կողմնակի անձանց մուտք ու ելքից, հրդեհներից: Տեսուչներն ապահովված չեն զենքով, փոխադրամիջոցներով, նույնիսկ` ձիով, ինչն այդ պայմաններում խիստ անհրաժեշտ է: Կաքավաբերդի տեղամասը, որը որսագողության բարձր ռիսկայնությամբ է աչքի ընկնում, ունի ընդամենը մեկ փոխադրամիջոց` «ՈւԱԶ» մակնիշի 2003 թվականի արտադրության ավտոմեքենա, ինչն անսարք է և այլևս պիտանի չէ շահագործման:
Տեղամասում չկան ցանկապատեր, պարիսպներ, տեսանկարահանող սարքեր և այլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, իսկ աշխատակիցների բարոյական կերպարը և պրոֆեսիոնալ մակարդակը, ինչպես պարզվեց հարցաքննությունների ու առերեսումների ընթացքում, նույնպես հեռու է բավարար լինելուց: Նրանք մասսայական որսագողության պայմաններում ընթացիկ տարվա ընթացքում չեն կազմել իրավախախտման կամ նախազգուշացման ոչ մի արձանագրություն, չի առգրավվել ոչ մի զենք, չի բացահայտվել որսագողության ոչ մի դեպք: Քննությամբ տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ արգելոցի մյուս տեղամասերում նույնպես իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման բնագավառում առկա են նույնանման թերություններ ու բացթողումներ:
Փետրվար 04, 2013 at 13:02