Ինչո՞ւ նախկինում բնապահպանական տեսչությունը ուշադրություն չէր դարձնում Արարատյան դաշտին

Ինչո՞ւ նախկինում բնապահպանական տեսչությունը ուշադրություն չէր դարձնում Արարատյան դաշտին

ԷկոԼուր

Ինչո՞ւ բնապահպանական տեսչությունը Արարատյան դաշտում նախկինում չի իրականացրել պատշաճ վերահսկողություն: Այս հարցին հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանը: «Մենք նախկինում լավ վերահսկողություն չէինք իրականացնում, որովհետև կային օրենսդրական դաշտի լուրջ խնդիրներ: 2013 թ. օգոստոսից փոփոխություններ եղան, և այդ իրավական ակտերի փոփոխության արդյունքում մենք արդեն հնարավորություն ունենք տնտեսական մեխանիզմների միջոցով ազդել ջրօգտագործողների վրա»,- ասաց Մարզպետունի Քամալյանը:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը սկսեց քայլեր ձեռնարկել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պահպանման ուղղությամբ այն, երբ արդեն այդ ռեսուրսների գերշահագործման արդյունքում Արարատյան դաշտը հայտնվել էր աղետալի վիճակում: Բնությանը պատճառվել է միլիոնների վնաս: «Եթե ձկնաբույծը 100լ/վրկ ջուր է օգտագործում անօրինական, տարեկան ջրային ռեսուրսներին հասցված վնասը կկազմի մոտ 45 միլիոն դրամ, ևս 15 միլիոն դրամ պետք է վճարի ռեսուրսի օգտագործման համար: Այսինքն մոտ 60 միլիոն դրամ: Դա արդեն լուրջ տնտեսական մեխանիզմ է, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նաև տրվում է պաշտոնական անձանց 300 000 դրամի չափով տուգանքներ», - նշեց Մարզպետունի Քամալյանը:

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 16-ից մինչ օրս ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները Արարատյան դաշտում մշտադիտարկել են ավելի քան 200 խորքային հոր, որոնցից փականային ռեժիմի է բերվել, լուծարվել 107 խորքային հոր: Արդյունքում խնայվել է 11 հազար 330լ/վրկ ջուր, որը տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 360 միլիոն խմ քաղցրահամ ջուր:

Ըստ Մարզպետունի Քամալյանի` բնապահպանական տեսչության խոշորացույցի տակ են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, «Երևան ջուր» ՓԲԸ-ն, «Մասիս» ՋՕԸ-ն և «Ռոյալ Սթոուն», «Սանասար Խաչատրյան» ձկնաբուծական տնտեսությունները:

Մարզպետունի Քամալյանի խոսքով՝ ստուգման նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հիմնականում այս տնտեսվարողների կողմից օրենքի խախտումը կապված է օրենսդրության չիմացության հետ:



14:01 Հոկտեմբեր 28, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news