Սեւ ամպեր՝ Դիլիջանի ազգային պարկի նախկին տնօրենի գլխին

Սեւ ամպեր՝ Դիլիջանի ազգային պարկի նախկին տնօրենի գլխին

Ոսկան Սարգսյան, Առավոտ

Դիլիջանի ազգային պարկի տարածքում բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին կատարված ստուգումների արդյունքների հիման վրա Տավուշի մարզի դատախազի տեղակալ Արթուր Զարգարյանի ցուցումով Տավուշի մարզային քննչական վարչության կողմից քրեական գործ է հարուցվել: Ստուգումները վերաբերել են 2011 թվականից մինչեւ 2014թ. հուլիս ամիս կատարված անտառահատումներին: Ստուգումներով պարզվել է, որ նշված ժամանակաշրջանում ազգային պարկի տարածքում ապօրինի հատվել է 770 ծառ, որի հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 120 միլիոն դրամ: Բնապահպանական պետական տեսչության կատարած ստուգումներից հետո սեպտեմբերին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Աշոտ Դավթյանը, որը մոտ 10 տարի տնօրինում էր ազգային պարկը: Աշոտ Դավթյանը դրանից հետո մեկնեց Բելառուս եւ ներկայումս գտնվում է այդ հանրապետությունում: Դիլիջանի ազգային պարկի տարածքում կատարված ապօրինի անտառահատումների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով («Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը,պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները առաջացրել են առանձնապես խոշոր վնաս») եւ 308 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական,անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբակային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»):

12:07 Նոյեմբեր 27, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news