ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախանական գնահատման հայտին:
Նախարարություն սակայն դրական եզրակացությունը տվել է իր կողմից ներկայացված փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով: Այդ պահանջներն են`
- Գառնիի կիրճի գրավչությունը պահպանելու եւ զբոսաշրջությանը չխոչընդոտելու, ինչպես նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի էկոհամակարգը եւ բնականոն զարգացումը չվնասելու համար /քանի որ ջրառը նախագծված է պահպանման գոտում/ որպես կարեւորագույն եւ առանձնահատուկ պայման, անհրաժեշտ է Ազատ գետում ապահովել բնապահպանական ելքի 850լ/վրկ սահմանված չափաքանակը` անկախ գետի ջրատվությունից եւ ոռոգման ջրատվությունից:
- Գառնիի կիրճում շինարարական աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան: Աշխատանքների ավարտից հետո անվերապահորեն վերականգնել տարածքները` բնական լանդշաֆտը բերելով նախնական տեսքի:
- Կառուցապատվող տարածքներում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բուսական տեսակի պոպուլիացիաների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության 31 հուլիսի 2014թվականի N 781-Ն որոշման պահանջներով /պահպանության միջոցառումներն իրականացվում են տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից/:
- Մինչեւ գործունեության իրականացումն անհրաժեշտ է`
- սահմանված կարգով ձեռք բերել օտարվող հողատարածքների նկատմամբ համապատասխան հողհատկացման իրավական փաստաթղթերը /հողի նշանակության փոփոխություն/
- բոլոր ազդակիր համայնքների ղեկավարներից ստանալ համապատասխան համաձայնեցումներ` յուրաքանչյուր համայնքում շինարարական հրապարակների տեղադրման, բուսաշերտի ժամանակավոր պահեստավորման, շինարարական աղբի եւ թափոնների հեռացման վայրերի վերաբերյալ
- սահմանված կարգով ձեռք բերել համաձայնեցումներ հատվող /ջրամբարին պատկանող տարածքում/ եւ տնկվող ծառաթփուտային բուսականության վերաբերյալ
- Ազատ գետից ոռոգման ջրառ իրականացնելու համար ստանալ ջրօգտագործման թույլտվություն:
Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումն իրականացվելու է Համաշխարհային բանկի կողմից ֆինանասավորվող «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» շրջանակներում, որը նպատակաուղղված է Արարատի մարզի «Արտաշատ» ՋՕԸ-ի ենթակայության տակ գտնվող 12 համայնքերում ոռոգման արդյունավետության բարձրացմանը` օգտագործելով Ազատ գետի ջուրը: Ծրագրով Քաղցրաշենի մեխանիկական ոռոգման համակարգը պետք է փոխարինվի ինքնահոսի եւ կխնայվի տարեկան ավելի քան 10 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա:
Քաղցրաշենի ծրագրի փորձաքննության ժամանակ ԷկոԼուրի առաջարկությունները հաշվի կառնվեն
Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը հակաբնապահպանական եւ հակասոցիալական է
Փետրվար 24, 2015 at 14:07