Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել են Քաղցրաշենի ծրագիրը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ  քննարկել են Քաղցրաշենի ծրագիրը

ԷկոԼուր

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի տեսչական խմբի անդամներին: Պատվիրակության ղեկավար Յան Մեթսոնը ներկայացրել է, որ Հայաստանում են՝ ուսումնասիրելու ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող Հայաստանի ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի ընթացքը:

«Կառույցը, որ ես ներկայացնում եմ, քննում է ՀԲ ծրագրերի իրականացման ընթացքում համայնքների կողմից ներկայացված դժգոհություններն ու առարկությունները: Նման փորձ մենք ունեցանք Կոտայքի մարզի Գառնի համայնքի հետ՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ընթացքում: Ծրագրի նախագծային լուծումների, հնարավոր բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների վերաբերյալ ավելի քան երկու տարի տարվող քննարկումներն ավարտվեցին անցյալ տարի, և կարող ենք արձանագրել, որ համայնքի կողմից ներկայացված բոլոր առարկությունները դարձել են քննարկման առարկա և վերջնական ծրագրում կատարված փոփոխությունների հիմք: Այս առումով շատ ոգևորող է, որ համայնքի ձայնը լսելի եղավ»,- ասել է Յան Մեթսոնը:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը մանրամասնորեն ներկայացրել է ծրագրի ընթացքը և կատարված փոփոխությունները.

«Պետք է նշեմ, որ փոփոխված տարբերակում, իրոք, ներառվել են համայնքի կողմից ներկայացված և ՀԲ-ի կողմից հիմնավոր համարված բոլոր առարկությունները»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ սա Գառնի համայնքում իրականացվող միակ ծրագիրը չէ. Եվրասիական բանկի ֆինանսավորմամբ համայնքում ամբողջությամբ կվերանորոգվի ոռոգման ներտնտեսային ցանցը և գյուղը սնող մայր ջրանցքի 6 կմ հատվածը:

«Բացի այդ, կուզենայի անդրադառնալ Գեղարդալճի ջրամբարի վերակառուցման աշխատանքներին, որոնց 90 %-ն արդեն ավարտված է: Այս նախագծի ընթացքում նախատեսվում է Գիլանլար վտակից դոտացիոն ջրանցքի կառուցման լրացուցիչ աշխատանքներ իրականացնել, ինչի շնորհիվ ոչ միայն հնարավոր կլինի շուրջ 10 մլն. կվ/ժ էլեկտրաէներգիայի խնայողություն անել, այլև՝ ապահովել շրջակա 4 գյուղերը՝ ինքնահոս ոռոգման ջրով»,- ասել է Ա. Հարությունյանը:

Նշենք, որ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխվել է Ազատ գետի հունով 5.2 կմ ներքև` ներկայումս գործող Հացավան պոմպակայանի տարածք: Այս մոտեցումը հնարավորություն է տվել խուսափել կիրճի՝ որպես հանգստյան գոտի ներկայացվող տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաև՝ հեռացնել ջրառի կետը բնության հուշարձաններից` բացառելով կիրճի գրեթե բոլոր հողատերերի առնչությունը ծրագրին:

Այս մասին տեղեկացնում է Ջրային տնտեսության պետական կոմիտեն:

18:19 Հունիս 05, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news