Տարածաշրջանում առաջին անգամ տրվեց բնապահպանական անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկը

Տարածաշրջանում առաջին անգամ տրվեց բնապահպանական անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկը

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում և ՀՀ Շիրակի մարզում տեղի են ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային միջոցառումները, որոնց մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը` նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ, Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Եկատերինա Գրիգալավայի գլխավորությամբ: Միջոցառումներին ներկա են գտնվել նաև ՀՀ-ում և Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ Մաթիաս Կիսլերը և Հայքե Պաիթչը, KFW բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի, Բնության համաշխարհային հիմնադրամի Անդրսահմանային միացյալ քարտուղարություն ծրագրի ներկայացուցիչներ, երկու երկրների վարչական շրջանների պատվիրակություններ, ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումը կազմակերպվել էր «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն, փուլ III» ծրագրի շրջանակներում՝ Բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասյան գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի, ինչպես նաև Հայաստանի բնապահպանության նախարարության ու Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարության կողմից՝ ընդգծելու անդրսահմանային համագործակցությունը՝ կենսաբազմազանության մոնիթորինգի և զբոսաշրջության խթանման գործընթացում։

Միջոցառումների մեկնարկը տրվել է Ախալքալաք քաղաքում «Ջավախեթի» պահպանվող տարածքների այցելուների կենտրոնի բացմամբ: Հյուրերը շրջայց են կատարել կենտրոնի տարածքում, ծանոթացել արգելավայրի ֆլորայի և ֆաունայի նմուշներին: Ներկաները ծանոթացել են տեղական արտադրատեսականու շուկայի ներկայացուցիչների արտադրանքներին:

Ողջունելով ներկաներին` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է. «Առաջին անգամ տարածաշրջանային համագործակցության առարկայական արդյունքն ենք տեսնում: Առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել, որպեսզի մենք Հարավային Կովկասում էկոտարածաշրջանային ծրագրի ներքո ունենանք բնության հատուկ պահպանվող տարածքներ, և միավորենք մեր ջանքերը կենսաբազմազանության պահպանության իրական միջավայր ստեղծելու համար, ինչը հնարավորություն է տալիս բնապահպանական ծրագրերը դարձնել մեր տարածաշրջանի ապագային միտված արդյունավետ մեխանիզմներ»:

ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի բնապահպանական գերատեսչությանը և բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր նպաստել են մեկնարկող ծրագրի կայացմանը և համոզմունք հայտնել, որ լավ սկիզբը կունենա այլ դրական զարգացումներ: Ըստ Ա. Մինասյանի, ներկայում բնության պահպանությունը պահանջում է բոլորի ջանքերի մեկտեղում և միայն այդ կերպ հնարավոր է ապագայում ունենալ կայուն զարգացում: Այս նպատակով Հայաստանը պատրաստակամ է համագործակցել անդրսահմանային համագործակցության բոլոր ձևաչափերով:
«Համագործակցության առանցքը կենսաբազմազանության պահպանումն է, ինչը նաև բերելու է հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների բնակիչների բարեկեցության բարձրացմանը: Մենք խորապես համոզված ենք, որ կենսաբազմազանության պահպանությունը հնարավորություն է տալու բոլոր նրանց, ովքեր արժեվորում են բնությունը, բնության պահպանությունը, որպես նաև ապագայի հանդեպ պարտավորություն, նաև էկոհամակարգային ծառայություններով վաստակել շատ ավելի մեծ եկամուտներ և ունենալ երաշխավորված ապագա»,- նշել է Ա. Մինասյանը և հավելել. «Շատ կարևոր է, որ բոլոր համայնքները, որտեղ կենսաբազմազանության տարրեր կան` ներգրավվեն այս ծրագրերում: Սա այն եզակի դեպքն է, որ համայքներն ակտիվ մասնակցել են ազգային պարկերի ձևավորման գործին»:

Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների փոխնախարար Եկատերինա Գրիգալավա իր խոսքում կարևորել է երկու երկրների համագործակցությունը և նկատել, որ կողմերի ներդաշնակ աշխատանքը կնպաստի իրական թիրախային նպատակներին հասնել:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը բարձր է գնահատել բնապահպանական խնդիրների լուծման գործում կողմերի ներդրած ջանքերը, ինչի վկայությունն է հաջողված ծրագրի մեկնարկը:

Երկու երկրների ներկայացուցիչները եղել են Մադաթափա լճում, ծանոթացել թռչունների անդրսահմանային մոնիթորինգի գործընթացին: Հայատանի և Վրաստանի պատվիրակությունների ղեկավարները Լճի մերձակայքից տվել են երկու երկրների հեծանվորդների անդրսահմանային երթուղու մեկնարկը:

ՀՀ Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքի զբոսաշրջության կենտրոնում միջոցառման մասնակիցները ծանոթացել են հայ արտադրողների արտադրատեսականուն: ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կարևորել է ծրագրի բնապահպանական բաղադրիչը և շեշտել էկոզբոսաշրջության արդյունքում տեղի բնակչության ներգրավման հեռանկարը:
Մեծ Սեպասար համայնքում տեղի է ունեցել երկու երկրների սահմանը հատած հեծանվորդների դիմավորման և պարգևատրման արարողությունը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն Ամասիա համայնքում մասնակցել է նաև գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը խորհրդատվությամբ և մասնագիտական այլ միջոցներով կաջակցի տեղի անասնապահներին, ինչը միտված է արոտավայրերը գերարածեցումից զերծ պահելուն:

Տեղեկանք

«Արփի լիճ» ազգային պարկը և «Ջավախեթի» պահպանվող տարածքները ստեղծվել են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ՝ KfW զարգացման բանկի միջոցով։ Պահպանվող տարածքների ստեղծման նպատակն է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի (Կովկասյան էկոտարածաշրջան) յուրօրինակ կենսաբազմազանության պահպանությունը, տարածաշրջանում կայուն համայնքային զարգացման խթանումը, ինչպես նաև բնապահպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության աջակցությունը ։

18:43 Սեպտեմբեր 20, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news