Կհաջողվի՞ արդյոք Հայաստանի կառավարությանը վերականգնել գերծախսված ջրային ռեսուրսները

Կհաջողվի՞ արդյոք Հայաստանի կառավարությանը վերականգնել գերծախսված ջրային ռեսուրսները

ԷկոԼուր

Հայաստանում ջրային ռեսուրսների վատ կառավարման ամենացայտուն օրինակներից է Արարատյան արտեզյան ավազանը, որը ձկնաբուծական բիզնեսի պատճառով հայտնվեց ցամաքելու վտանգի առջև:
Բնապահպանության նախարարությունն առաջարկում է վերանայել ջրային ռեսուրսների կառավարման քաղաքականությունը, շտկել ոչ ռացիոնալ ջրօգտագործումը և վերականգնել գերծախսված ստորերկրյա ջրային ռեսուրսները: Այս նպատակով բնապահպանության նախարարությունը մշակել է «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգ» որոշման նախագիծ:

Ըստ հայեցակարգի` ներկայումս Արարատյան արտեզյան ավազանում շահագործվում է ավելի քան 250 ձկնաբուծարան, որոնք օգտագործում են ավազանի 450 հորերը: Ձկնաբուծարաններին տրամադրվել է 1.496 միլիոն խմ-ի ջրօգտագործման թույլտվություն, այն դեպքում, երբ Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային պաշարները կազմում են 1.226 միլիոն խմ: Արդյունքում, զարգանում են անապատացման երևույթները, փոխոխվում բնական էկոհամակարգերը, տեղի է ունենում ֆլորայի և ֆաունայի տեսակափոխություն, իսկ տարածքի որոշ հատվածներում սկսվել են ճահճացման, սեյսմիկ վտանգի առաջացման գործընթացներ:

Ձկնաբուծարանների շահագործման արդյունքում տարեկան 800 միլիոն խմ ջուր հոսում է Արարատյան արտեզյան ավազանից դեպի Արաքս գետ, այնտեղից՝ հարևան երկրներ: Իրավիճակը շտկելու համար հայեցակարգի հեղինակներն առաջարկում են ստեղծել ձկնարդյունաբերության համար ջրի շրջանառու համակարգ:

Արդյունաբերության ոլորտում առաջացող կեղտաջրերի մաքրման և հետագա օգտագործման համար առաջարկվում է մաքրման կոմպակտ կայանների տեղադրում և մաքրման բնական ու համակցված համակարգերի կիրառում: Իսկ ոռոգման ոլորտում ջրօգտագործման արդյունավետության բարձրացման և ջրի խնայողության համար առաջարկվող լուծումը կաթիլային ոռոգման համակարգի տարածումն ու ընդլայնումն է:

16:18 Հոկտեմբեր 13, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news