Կառավարությունը խնդիր է դրել Արարատյան դաշտից իրականացվող 1.6 միլիարդ մ³ ջրառը հասցնել 1.1 միլիարդ մ³-ի

Կառավարությունը խնդիր է դրել Արարատյան դաշտից իրականացվող 1.6 միլիարդ մ³ ջրառը հասցնել 1.1 միլիարդ մ³-ի

ԷկոԼուր

Արարատյան դաշտից ներկայում իրականացվում է 1.6 միլիարդ մ³ ջրառ, որից 800 միլիոն մ³-ը ուղղվում է ձկնարտադրությանը, 581 միլիոն մ³-ը` ոռոգմանը, 190 միլիոն մ³-ը` խմելու, կենցաղային նպատակներով և 29 միլիոն մ³-ը արդյունաբերական նպատակներով: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի վերականգնվող չափաքանակը 1.1 միլիարդ մ³ է, և իրականացվող միջոցառումների հիմնական խնդիրը պետք է լինի 1.6 միլիարդ մ³ ջրառը համապատասխան մեխանիզմներով իջեցնել 1.1 միլիարդ մ³-ից ներքև: Պետք է մշակվի նաև ռեսուրսավճարների նոր կառուցվածք, որը կստիպի տնտեսություններին ավելի արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները: Այս մասին ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ժամանակ:

Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է ջրային համակարգում կորուստների նորմատիվների սահմանումը: Աշխատանքների մեկնարկի համար կարևորվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից համապատասխան տեղեկատվության տրամադրումը թե´ ձկնաբուծական տնտեսությունների գործունեության, թե´ նրանց կողմից իրականացված բնապահպանական բնօգտագործման վճարների մասին:

Քննարկման ընթացքում նշվել է, որ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության/ՄԶԳ/ ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, 2016 թվականին գույքագրվել է 2807 հոր, 14 բնական աղբյուր, 235 ձկնային տնտեսություն: Բացահայտվել են նաև չշահագործվող հորեր, որոնց մի մասից ջրի հոսք է դիտվել:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գ. Մարտիրոսյանը կարևորել է գիտականորեն հիմնավորված հաշվարկների արդյունքները, որոնց հիման վրա հնարավոր կլինի սահմանել ջրառի այն սահմանափակումները, որի արդյունքում հնարավոր կլինի Արարատյան դաշտի խորքային ջրերի հորիզոնները 5-10 տարվա ընթացքում հասցնել նախկին մակարդակի: Ըստ բանախոսի՝ նախաձեռնության նպատակը ձկնարատադրությանը վնասելը չէ, այլ դրան զուգահեռ հնարավորությունների ստեղծումը, որպեսզի հազարավոր տարիներով Արարատյան դաշտում գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունը փոխանցվի սերունդներին, այլ ոչ թե այդ հողերն աղակալվեն: Առաջնային է համարվել այն սահմանների նախանշումը, որոնք ձկնարտադրության համար շահավետ կլինեն և չեն հարվածի բնությանը: Խորհրդակցության ժամանակ աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են խնդրի լուծման վերաբերյալ իրենց գերատեսչությունների տնօրինած տեղեկատվությունը և մոտեցումները:

Խորհրդակցության ավարտին խորհրդի անդամների միջև բաշխվել են համապատասխան գերատեսչությունների լիազորությունների շրջանակները ընդգրկող խնդիրները, որոնց վերաբերյալ եռօրյա ժամկետում պետք է տրամադրվի տեղեկատվություն հաջորդ նիստի աշխատանքները կազմակերպելու նպատակով: Հարցերը վերաբերում էին ջրախնայող և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, Ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգի աստիճանաբար կիրառմանը, «Կոմերցիոն» ջրակորուստների կրճատմանը, ռեսուրսավճարների նոր` պրոգրեսիվ սանդղակի կիրառմամբ կառուցվածքի ձևավորմանը, խրախուսման մեխանիզմների կիրառման միջոցով երկրորդային ջրօգտագործման համակարգի ներդրմանը և այլն:

Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար), ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գ. Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վ. Գևորգյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանը, ՀՀ ԷԵԲՊՆ-ի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Նարիմանյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ Կ. Մարգարյանը և «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Յ. Ջավադյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

14:25 Հունվար 26, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news