Ջրօգտագործող ընկերությունների չարաշահումների հետևանքով պետությունը կրել է 2 միլիարդ 857 միլիոն դրամի վնաս

Ջրօգտագործող ընկերությունների չարաշահումների հետևանքով պետությունը կրել է 2 միլիարդ 857 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ դատախազությունը պարզել է, որ ջրօգտագործող ընկերությունների մասնակցությամբ տարիներ շարունակ ձևավորվել և գործել են չարաշահումների կոռուպցիոն սխեմաներ, որոնց միջոցով կեղծվել են ջրօգտագործման մատուցման ծառայությունների, մատակարարված ջրաքանակի, կրած վնասների տվյալները, յուրացվել պետական բյուջեից ստացված սուբսիդավորման գումարները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տարածքում առանձին իրավաբանական անձանց կարգավիճակներով գործող, շահույթ չհետապնդող ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։

2018-2019 թթ. ընթացքում Ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում արձանագրված չարաշահումների մասով 11 քրեական գործ է հարուցվել: Նախաքննության ընթացքում կատարված նախնական հաշվարկով պատճառված վնասը կազմել է 2 միլիարդ 857 միլիոն դրամ։ Հարուցված քրեական գործերը վերաբերում են Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում գործող առանձին ջրօգտագործող ընկերությունների գործունեությանը:

Բացահայտվել է, որ մի քանի ՋՕԸ-ների տնօրեններ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խախտել են 2016-2018թթ. ընթացքում բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները: Մասնավորապես՝ չեն տեղադրվել ջրաչափեր, և մատակարարված ջրի ծավալները գրանցվել են հեկտարներով՝ խորանարդ մետրով գրանցելու փոխարեն: Կատարվել են հավելագրումներ, որից հետո այդ տվյալները ներավռել են էլեկտրոնային մատյաններում՝ իբրև մատակարարված ջրի, ծառայությունների և բաժանորդներից գանձվող գումարային պարտքերի տվյալներ:

Արհեստական եղանակով գոյացած ջրօգտագործողների պարտքերը մարելու և կարկտահարումների հետևանքով առաջացած վնասները վերականգնելու համար, 2016-2017թթ. ՀՀ բյուջեից սուբսիդավորված, ընկերությունների հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցները ձևակերպվել են որպես բաժանորդների անվամբ կուտակված պարտքերի մարում:

Միևնույն ժամանակ ՋՕԸ-ները վարձակալության և տարաբնույթ ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ ձևական պայմանագրեր են կնքվել, որոնցով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել: Բացի այդ, ՀՀ-ից բացակայող քաղաքացիների աշխատանքային կեղծ պայմանագրեր են կազմվել, հրամանագրել նրանց որպես ջրբաշխներ՝ յուրացնելով փաստացի չկատարած աշխատանքի դիմաց դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի գումարները:

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու և պատասխանատու անձանցպարզելու ուղղությամբ։

Մայիս 31, 2019 at 18:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր