ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ամփոփեց նախարարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարն իր ելույթում անդրադարձավ ոլորտի կարևոր խնդիրներին՝ իրավական ակտերի մշակմանը, Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին, Սևանա լճի, փոքր ՀԷԿ-երի, Բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման խնդիրներին:
ԷկոԼուրը ներկայացնում է մամուլի ասուլիսի նյութերն ըստ թեմաների:
Բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ).
Արամայիս Գրիգորյանը նշեց, որ կան որոշակի բացեր ԲՀՊՏ-երում, որոնք չունեն վկայականներ:
ԲՀՊՏ-ում իրականացվում են սահմանների քարտեզագրման, ճշգրտման և անշարժ գույքի պետական կադաստրում գրանցման աշխատանքներ, մասնավորապես 2014 թ-ին պետական կադաստրում գրանցվել են «Զիկատար» պետական արգելավայրը, Իջևանի և Բերդի «Սորաններ» դենդրոպարկերը:
Ծրագրավորվում է 2015 թ-ին ավարտել բնության հատուկ պահպանվող մյուս տարածքների գրանցումն անշարժ գույքի պետական կադաստրում:
2014 թ-ի ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում վերանորոգվել է 7.5 կմ երկարությամբ հակահրդեհային նշանակություն ունեցող ճանապարհը, «Դիլիջան» ազգային պարկում տնկվել է 5 հեկտար անտառ, 3 հեկտարի վրա կատարվել է անտառի լրացում, «Սևան» ազգային պարկի տարածքների և գույքի վարձակալության վարձավճարների մասով նախնական տվյալներով հավաքագրվել է ավելի քան 152.2 միլիոն դրամ անցյալ տարվա 172.3 միլիոն դրամի դիմաց, որոնք նպատակաուղղվել են ազգային պարկի բնապահպանական խնդիրների լուծմանը:
2014 թ-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ չի արձանագրվել, իսկ գարնանային և աշնանային ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 1 ծառահատման դեպք: «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ում ապօրինի որսագողության, ձկնորսության, այլ բնապահպանական խախտումների և հրդեհների արտառոց դեպքեր չեն արձանագրվել: Իրավախախտման դեպքեր չեն գրանցվել նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ներում:
Արամայիս Գրիգորյանը բնապահպանության նախարարության գերխնդիրն է համարում ԲՀՊՏ-երում զարգացնել էկոտուրիզմը և ներդնել գեոտեղեկատվական համակարգեր, որը հնարավորություն կտա իրականացնել բնական ռեսուրսների գույքագրում և հաշվառում, բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի մոնիտորինգ, վերլուծական կամ կանխատեսումների ծրագրավորման բլոկ, քարտեզների և հաշվետվությունների նախապատրաստում:
Դեկտեմբեր 25, 2014 at 12:37