Բեզոարյան այծի ապօրինի որսի հետևանքով բնությանը հասցվել է 3 միլիոն դրամի վնաս

Բեզոարյան այծի ապօրինի որսի հետևանքով բնությանը հասցվել է 3 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ Վայոց ձորի մարզում Բեզոարյան այծի ապօրինի որսի հետևանքով բնությանը հասցվել է 3 միլիոն դրամի վնաս: Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Հիշեցնենք, որ կարմիրգրքյան բեզորյան այծի ապօրինի որսի դեպքը բացահայտվել է դեկտեմբերի 19-ին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի տարածքային ստորաբաժանման, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ավտոկայանատեղում կատարված մեքենայի զննությամբ՝ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է մորթված և մաշկված մեկ բեզոարյան այծ։ Կատարված հարցաքննությամբ պարզվել է, որ կենդանուն ապօրինի որսացել է Արարատի մարզի բնակիչ Վ․ Ասատրյանը՝ իր անձնական զենքով:
Որսը կատարվել է Վայոց ձոր մարզի Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Հարսնասար» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգիների հարակից տարածքում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն. դրամ (հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկի չափով), ինչպես նաև եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս (ապօրինի որսի դեպքում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը), ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով:

 

13:24 Դեկտեմբեր 21, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news